Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/444

Այս էջը սրբագրված է

— Կըսե կոր որ, խնամով պատրաստված դասագիրք մէ և իր տեսակին մեջ առաջին։

— Ձեզի քերականություն մալ ցույց տամ, բայց չգիտեմ որ մնա՞ց մի, ան սքանչելի բան է... եթե բախտավոր եք կրնամ թերևս գտնալ հատ մը... գտա, գտա, ավասիկ։

— Աս ալ գնենք հայրիկ։

— Կեցիր նայինք, տղաս, գրավաճառին հարցնենք... ո՞րն առնենք. պարոն գրավաճառ։

— Ինձի համար ամենն ալ առնեք նե ավելի աղեկ կըլլա. և այդ քերականությանց ամենն ալ կարդալու է տղադ, որ մեկուն մեզ չգտածը մյուսին մեջ գտնա ու սորվի։

— Պե ճանըմ, ասոնց ամենն ալ իրարմե օրինակված բաներ են... ես քեզի բան մըսեմ, սըվոնց որն որ Ուսումնական խորհրդեն վավերացված չէ նե ան տուր։

— Անանկ ե նե սա առ։

— Առ՛, տղաս։

— Շատ աղեկ ըրիր, կըսե գրավաճառն, ամեն մարդ գիրք մը կը շինե կոր, Ուսումնական խորհրդին կը տանի կոր՝ աս խեղճն ալ ի՞նչ ընե, վավերացնե նե մեկ թյուրլյու, չվավերացնե նե մեկ թյուրլյու, ամենուն ալ խաթրը տեղը տանելու համար մեյ մեկ թուղթ կուտա կոր։

— Աղեկ ա, սախա մը կա մեր թաղը, ծեր մարդ, Փրկիչ ղըրկեցինք չընդունեցին, պարի սա մարդը ներկայացունենք Ուսումնական խորհրդին ու աղաչենք ու պաղատենք, որ իր տեսակին մեջ առաջին է ըսելով, դպրոցի մը մեջ տնտեսության դնե, ի՞նչ կըլլա, մեղք է խեղճին։

— Ինչո՞ւ չես երթար կոր, աղքատ մուալեպիճի մը կար, անցյալ շաբթու ուսումնական խորհրդին գնաց և երեկ իմացա, որ երկուհարյուրհիսուն ղուրուշով մանկավարժ տեի դրեր են չիյտեմ որ դպրոցը։ Աստուծո համար ուսումնական խորհուրդնիս աղեկ է, ամենն ալ բարեսիրտ մարդիկ են, մեկուն գեշություն չեն ըներ։

— է՜յ, աֆերիմ, ազգին գլուխը գտնվողներն ալ ասանկ ըլլալու են, որ ազգերնիս առաջ երթա։ Աֆերիմ, հոշս եկավ շիտակը։

— Ան ալ խո՞սք է, մարդուս քեյֆը կուգա, էֆենտի՛մ, նալլեթ մարդիկ ըլլային նե ի՞նչ պիտի ընեինք...

Եվ Ուսումնական խորհուրդը անդադար կը հաստատե ու կը վավերացնե...