Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/445

Այս էջը սրբագրված է

ԽՈՍՔ ՀԱՍԿՑՆԵԼՈՒ ՆՈՐ ԴՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ

Պարոն Միրախորյան կը շարունակե Մանզումեի մեջ, յուր քննադատական հոդվածներն ընդդեմ Միացյալ ընկերությանց և անոնց վարժարանաց տեսուչ պարոն Սարրյանի։

Այս քննադատն հոգնիլ չգիտեր — խոստովանինք, թե քայլել ալ չգիտեր — յուր բոլոր ույժն կսպառե հասկցնելու համար ազգայնոց, թե հիշյալ ընկերությանց վարժարանաց ուղղությունն վնասաբեր է ազգային մանկավույն ապագային։

Փորձառությամբ ուսած ըլլալով, թե Միացյալ ընկերության տնօրեն ժողովն չըմբռներ անոր դիտողություններն ու խորհրդածությաններն՝ հետզհետե նորանոր փորձերու կը դիմե ինքզինքն բացատրելու համար: Այս անգամ ծաղկոցներու հատուկ ուսուցչական եղանակավ կը խոսի Միացյալ ընկերության տնօրեն ժողովո անդամոց, այսպես․

«Հարց. — Պաշտոնեից ընթացքն ընդհանրապես երկրի հայ ժողովրդյան կենաց հետ հա՞շտ է։

Պատասխան. — Պաշտոնեից ընթացքն առհասարակ երկրի հայ ժողովրդյան կենաց հետ հաշտ չէ։

Հարց. — Գավառացի հայ ժողովուրդն առհասարակ ի՞նչ գաղափար կազմած է ընկերության վրա։

Պատասխան․ — Ընդհանրապես շատ գեշ և գրեթե ամեն կողմ առած դարձած է, թե Միացյալ ընկերության վարժապետներ անաստվածություն դաս կուտան, մեր ճժեր գլխե կը հանեն։

Հարց․ — Ընկերությունն ներկա ուղղությամբ ի՞նչ ապագա ունի։

Պատասխան. — Ապագա չկրնար ունենալ, և վաղ կամ անագան պիտի իյնաս։

Պարոն Միրախորյան այս եղանակավ պիտի հաջողի՞ արդյոք հասցնել յուր միտքն և գնահատել տալ յուր դիտողություններն, զորս կը հրատարակե, կըսե, միմիայն ազգասիրական զգացումներե առաջնորդվելով։

Չենք կարծեր։

Պիտի դադրեցնե՞ յուր հոդվածներն։

Չենք հավատար։ Համոզելու այս եղանակն ալ պիտի փոխե և պիտի սկսի Օլենտորֆի դրությամբ հայտնել յուր գաղափարները և ըսել․ — Ուղղություն. — Ոչ. — Այո. — Ունիմ — Ես. — Դուն. —