Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/459

Այս էջը սրբագրված է

ՕԳՏԱԿԱՐԱԳՈԻՆԻՆ...

Խիկարի նախորդ շրջանին մեջ Ուսմանց նոր ծրագիր հոդվածով մը մատնանիշ կընեինք այն անբնական և վնասակար ուղղությունն, որուն կը հետևեին և դժբախտաբար կը հետևին ցարդ մեր ազգային վարժարաններն առաջնություն տալով նվազ օգտակար և երբեմն բոլորովին անօգուտ ուսմանց և հետնության դատապարտելով այն ուսումներն, որք օգտակարադույն են, են և պիտի ըլլան ազգային մանկտվույն։ Այդ հոդվածով կըսեինք մենք, թե նախ գործ պետք է մարդուս և ապա զվարճություն և զբոսանք, թե մարդս ոտանավոր գրելե առաջ ապրելու պետք ունի, թե ճառախոսութենե առաջ հացի պետք ունի, թե հունաց հին մատենադրության ուսմունքեն առաջ հագուստի պետք ունի, թե պարելե առաջ քայլելու պետք ունի, թե դաշնակ զարնելեն առաջ ավլել, կերակուր եփել, տուն կառավարել սորվելու պետք ունի։ Թե, վերջապես անոթի մարդն ոչ բանաստեղծության մեջ կրնա հառաջ երթալ, ո՛չ գիտության մեջ և ո՛չ արհեստի մեջ, թե չկրնար նա օգտակար ըլլալ ո՛չ յուր ծնողաց, ո՛չ յուր զավակաց, ո՛չ յուր ազգականաց, ո՛չ յուր ազգին և ո՛չ ալ մարդկությանը Խիկարի վերջին թվույն մեջ Հարցաքննությունք այգիներու հոդվածով կրկնեցինք, թեև տարբեր ձևով, ինչ որ ըսած էինք տարի մ՝առաջ։ Ուրախ ենք տեսնելով, որ Հոկտեմբերի Երկրագունդն կը պաշտպանե մեր կարծիքն հրատարակելով աղջկանց կրթությունն ի Գերմանիա և ագգային վարժարան արհեստական ուսմանց ի Վուառոն խորագրով կրկին հոդվածներ, որ կը շոշափեն մեր կարծիքն։ Այդ սկզբունքովդ, կ՝առարկեին մեզ բերանացի, մեքենաներ կ՝ուզեք դուք պատրաստեք, մինչդեռ մենք կ՝աշխատինք մարդ հասցնել, կատարյալ մարդ պատրաստել։ Ո՛չ, կը պատասխանեինք և կը պատասխանենք մենք՝ նախ կես մարդ պատրաստենք, ապրուստի միջոց մը ցույց տանք իրեն և հետո տակավ առ տակավ ամբողջացնենք զայն, լավ է նախ ունենալ ապրող կես մարդեր, քան անոթի մեռնող կատարյալ մարդեր։ Նշանակենք աստ, թեև ավելորդ է, թե օգտակարագունին կարեվորություն տալն բարձր գիտությանց, գեղարվեստից, գեղեցիկ դպրությանց արտաքսումն չենթադրեր, նորածին մանուկին կաթեն ուրիշ սնունդ չտալն զայն համեղ կերակուրներե զրկել չնշանակեր, ինչպես զայն լաթերու մեջ փաթաթելն հագուստի և կապուստի ճաշակն իրեն զլանալ չենթադրեր։ Գուցե առարկվի մեզ, թե ձեր կարծիքն կրնար իրականություն և գործադրություն ունենալ, եթե մեր ազգն մեկուսացյալ և կղզիացյալ միջավայրի մը մեջ ապրեր,