Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/461

Այս էջը սրբագրված է

Եվրոպա ղրկել բժշկություն, փաստաբանություն, երկրաչափություն, հողագործություն, ճարտարապետություն և և այլն ուսուցանել տալ, ինչպես նաև հանճարեղ, բայց աղքատ տղաքներ բարեգործական ընկերությանց կողմեն կրնան Եվրոպա ղրկվիլ և կրթվիլ, և պարտավոր ենք ըստ այնմ պատրաստել մեր ծրագիրն։

Բնությունն առաջին մարդուն հետևյալ կերպով կը դասակարգե օգտակարագույններն.

Երկրագործություն,
Հացագործություն,
Կտավագործություն,
Հյուսնություն,
Կոշկակարություն, և այլն։

Հառաջադիմությունն, թեև սրբագրել ուզած է այս դասակարգությունն՝ բայց, թե՛ մայրաքաղաքիս և թե՛ գավառաց վրա եթե ակնարկ մընենք՝ պիտի տեսնենք, որ այդ արհեստով պարապողներն՝ ոսկերիչներեն, դերասաններեն, բանաստեղծներեն, գրագիրներեն շատ ավելի հանգիստ կյանք կը վարեն։ Թողունք սակայն այս դասակարգությունն և փութանք ավելի բացահայտ կերպով դնել մեր կարծիքն, որ է․

Ամեն գավառի վարժարանին քով արհեստանոց մը բանալ և աղքատ տղայոց, յուրաքանչյուրին կոչման համաձայն, արհեստներ ուսուցանել գործնականապես, արհեստներ, որ օգտակարագույններն են նույն քաղաքին համար։ Մյուս կողմեն վարժարանին մեջ ավանդել անոնց ազգային լեզու, թվաբանություն, աշխարհագրություն, ազգային պատմություն և այլն, և կարդացնել անոնց արհեստից վրա դրված ընտրելագույն գրքեր, որպեսզի տեսականապես ևս սորվելով կարենան կատարելագործել ինչ որ կուսանին գործնականապես։ Ուրեմն, ամեն գավառ առաջնություն տալու է նաև այն արհեստին, որ հարկավոր է յուր բնակած քաղաքին մեկ բերքն ավելի արդյունավոր ընելու համար։ Այս եղանակավ կարելի է աղքատները փրկել անոթութենե, դասատվութենե, խմբագրութենե, տպարանապետութենե, Պատրիարքարանի գրագրութենե, քահանայութենե և ազգին օգտակար անդամներ ընել զանոնք, որոնց խնամով ուսուցանել պետք է ազգային լեզուն և պատմությունը։ Ուսման ճաշակն առնելե հետո դպրոցեն դուրս ևս կրնա սորվիլ օտար լեզու կամ ինչ որ իրեն ճաշակին հարմար կը գտնե։

Երկու երեք տարիե ի վեր տարածել կը ջանայինք այս կարծիքն