Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/463

Այս էջը սրբագրված է

Ֆրանսայեն անվանի և հռչակավոր դասատուներ կարգելն այն վարժարանին մեջ, սքանչելի գաղափար մը չէ. եթե կան զայս չգիտցողներ և չզգացողներ, թո՛ղ գիտնան և զգան... գիտցե՛ք և զգացե՛ք, որ վերջանա այս խնդիրն. Ազգին այս վիճակին մեջ՝ ուր ամեն կողմեն պարտքեր կերևան ուրվականներու պես՝ բացված վարժարան մը, զոր արդյունավոր գործելու համար աշխատիլն ամենուս պարտքն է, հարվածել երկու պատուհան պակաս ունենալուն համար, ազգասիրության գործ չէ։ Ա՛լ խմբագիրներն զգալու են թե այն պատճառներն, որ թույլ չեն տար իրենց լրագիրն կանոնավոր վիճակի մեջ դնելու թույլ չեն տար նաև Ազգային վարչության կանոնավոր և նախանձելի հաստատություններ ընելու։ Պատճառներն միևնույնն են։ Մեր թերթերն Կեդրոնական վարժարանեն ավելի՞ պատուհաններ ունին, մեր թերթերուն մեջ, կսեմ, խոնավություն չկա՞. կա և ընթերցողաց կաթված իջեցնելու չափ. մեր թերթերը Կեդրոնական վարժարանեն ավելի՞ լուսավոր են... կրնա՞նք առանց լապտերի պտըտիլ անոնց մեջ։ Լռե՛նք, լռե՜նք, և քիչեն գոհ ըլլանք, որ կարենանք շատը գտնել։

Այսպես, եթե Ազգային վարչությունն, վարժարաններն, լրագիրներն, ընթանան դեպի օգտակարագույնն և մեր ժամանակն ու դրամն անոր համար միայն գործածելու վարժվինք՝ մեր ազգին նոր ուղղություն մը տված կըլլանք, ուղղություն, որ եթե շարունակվի, կրնա յուր օգուտներն քանի մը տարիեն ցույց տալ, կրթյալ և բարի արհեստավորներ ընծայելով ազգին։


Ե Թ Ե Ն Ե Ր

«Ա՜հ, մենք արդեն գուշակած էինք այս անպատեհություններն, որ մեր կարծյաց մերժումեն հառաջ պիտի գային»։

«Ա՜հ, մենք ժամանակին պոռացինք, կանչեցինք, թե սխալ քայլ կառնե ազգը»։

«Ա՜հ, եթե մեր խոսքը մտիկ ըլլվեր, ազգն չպիտի ողբար այժմ այս վնասները, ու թո՛ղ ապագան դատե»։

Այսպես կ՝աղաղակեն խմբագիրք ոմանք կամ, քիչ մավելի անկեղծությամբ, բոլոր խմբագիրք, եթե իրենց կարծյաց մերժումը տեսնեն։

Մակար արքեպիսկոպոս կաթողիկոս եղավ։ Հակամակարյանք սկսան Մակար Կաթողիկոսին դեմ հարձակիլ և իրենց հարձակումն կը շարունակեն մինչև այսօր և գուցե շարունակեն քանի մը տարիներ ևս։