պարեր, երգեր, բաժակներ իրարու հետ կը միանան տարվույն առաջին օրը բարևելու համար։ Եվ որպեսզի իրավունք ստանան պարելու և խմելու՝ տարվույն վրա նոր բառը կավելցունեն և գործածված հին տարին իբրև նոր կը կլլեցնեն ապուշներու։ Մի՛ խաբվիք, հայեր, նոր տարիները արարչագործության ժամանակ կը գտնվեին, հիմակվան տարիներուն ամենն ալ հին են և 1887-ն ուրիշ բան չէ՝ եթե ոչ է 1876-ը, զոր քիչ մը կարկտած ու վերանորոգած են, նոր բան չկա մեր օրով։ Եթե չեք հավատար՝ բաղդատեցե՛ք արդի բանաստեղծություններն այն քերթվածներու հետ, զորս հին կ՝անվանեն, և պիտի համոզվիք, թե հիմիկվան ոտանավորներն որչափ հին են Արևու տակ նոր բան չկա... բացի մեր Պատրիարքարանի շենքեն։
Աս անցնինք այս կետը։
Ըսինք, թե ամեն կողմ ուրախություն և խնդություն կը տիրե, ամեն մարդ ցատկելով կը մտնե 1887-ի դռնեն, միայն Խիկարին պաշտոնակիցներն են, որ ոչ թե միայն չեն շնորհավորեր զիրար այլ նաև իրարու երես նայիլ անգամ չեն ուզեր։
Ահա կ՝անցնի Արևելք, որ ինչպես հայտնի է, հայոց առաջին թերթն է այբուբենական կարգով։ «Արհամարհոտ լռությամբ փոխարինելով գծուծ նախանձահուզութենե թելադրված հաչաչկոտ խեղաթյուրումներն ու զրպարտություններն, այնու ապահովությամբ, թե Արևելքի հարատև ընթերցողի մը դժվար չէ որոշել ճշմարտությունն և իրավունքը»։ Ո՜րչափ Յարգանք...
Արևելքի ետևեն կուգա Փունջն, որ «Գոհությամբ կը մտնե նոր տարվույս սեմերեն և արհամարհանոք առ ոչինչ կը գրե բծախնդրություններն ու վայրահաջություններն»[1]։
Ընտիր շնորհավորությո՜ւն..․
Փունջին կը հետևի Մասիսն, որ երկու նոր խմբագիր ալ կը բերե լրագրական ասպարեզին մեջ — ամբողջ գումար տասն ոտք — և կը ծանուցանե, թե «Մասիսի պիտի նկատվի ազատ բեմ մը ուստից պիտի կրնան լսվիլ ազգային ամեն կարգի խնդրոց վրա տարբեր տարբեր տեսություններ»։ Ի՞նչ ներդաշնակություն. այսինքն ճերմակին սև պիտի ըսե մեկն, կանաչ է պիտի պնդե մյուսն, ո՛չ, մոխրագույն պիտի պոռա ուրիշ մը, կարմիր պիտի աղաղակե չորրորդ մը, վերջապես պիտի մրցին իրարու հետ ամեն գույն տալու
- ↑ Ինչ որ կուզեն ըսեն թո՛ղ, Բասդյորը մեծ մարդ է։