Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/486

Այս էջը սրբագրված է

Տարեկան գինն է երկու արծաթ մեճիտ ԿԱՆԽԻԿ։ Դիմել առ Նշան Կ. Պերպերյան, էսկի Զապթիե ճատտեսի, թիվ 63, ուր կը վաճառվին Խիկարի 1884 — 85—ի թիվերը։


ԶԱՐԿ ՏԱԼ

Մեր ընթերցողներն անշուշտ կարդացած են սույն վերնագիրն ազգային լրագրաց ոմանց ազգային տեսությանց մեջ, բայց չենք կարծեր որ ըմբռնած ըլլան անոր ոգին։

Այս տողերը գրողն իսկ դեռ մեկ երկու ամիս առաջ սորվեցավ, թե զարկ տալն ինչ կը նշանակե և ինչ չնշանակեր։

Արդ, այս զարկ տալն կը նշանակե անանկ բան մոր մարդու մտքեն չանցնիր։ Օրինակներով բացատրենք։

Խմբագիրն արևագալին կանցնի գրասեղանին առջև։

Դերձակն ալ կը տնկվի խմբագրին առջևը և,

— Սա մեր հաշիվը կարգադրեիք, կըսե, ձեռները շփելով։

— Այո՛, գալ շաբթու, կը պատասխանն խմբագիրն, ճակատը շփելով։

Շփմամբ ելեքտրականություն չգոյանար միայն, ստություն ալ կը գոյանա։

Դերձակը ձայնը կը բարձրացնե, կը պոռա, կը կանչե և կը մեկնի...

Խմբագիրն ցրվիչը կը կանչե։

— Հոս եկո՜ւր։ Ի՞նչ է մեր լրագրին չծախվելուն պատճառը։

— Ի՞նչ գիտնամ, ես ցրվիչ մեմ որ...

— Դիտեմ, որ ցրվիչ մես, բայց կուզեմ գիտնալ, թե ինչո՛ւ. չես աշխատիր, որ մեր թերթը քշվի։

— Բոլոր սրտով կաշխատիմ և մանավանդ շատերը բաժանորդ կը գրեմ հակառակ իրենց կամաց.

— Անցյալ շաբթվան վաճառումն ողբալի բան էր, և եթե այսպես շարունակվի՝ կարծեմ թե...

— Աղեկ հոդվածներ կուզե կոր ժողովուրդը:

—— Լռե՜... գործդ նայե՜։

Ցրվիչր կելնե։

Խմբագիրն կսկսի յուր առաջնորդող հոդվածին — որպես թե մյուս հոդվածներն ուղտեր ըլլային թեև ուղղության մասին կը նմանին ուղտերու — և ջանահնար կըլլա անանկ նյութի մը վրա գրել — չմոռնանք ըսել, թե նախ կսկսի գրել և ապա կը խորհի, թե