Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/501

Այս էջը սրբագրված է

Տգեղ կանայք ծով չեն մտներ բնավ, կամ եթե երբեք մտնեն՝ իրենց հագուստն չեն հաներ։

Ամեն պարագայի մեջ ծովն, որ գեղեցիկ է, գեղեցիկներու համար սահմանված է. ես ալ չպիտի ներեի բնավ, որ տգեղ կին մը տգեղացնե ծովը։ Ի՞նչ մեղքս պահեմ։

Գեղեցիկ կանայք ծով կը մտնեն ոչ թե դարմանելու համար իրենց տկարությունն, այլ հիվանդանալու համար, հերիք է որ ըսվի։

— Ի՜նչ մարմին ունի։

Ծովը կը շողոքորթե կիները, կավելցնե անոնց գեղեցկության փայլն, հարյուրապատիկ գեղեցիկ կը ներկայե զանոնք, և կնկան մը համար ասկից ավելի ի՞նչ հաճույք կրնա ըլլալ։

Շատ մը մայրեր ծովու մեջ հավներ են աղջկան մը, իրենց հարս առած են և զզջացած են հետո։

Շատ կանայք իրենց մարմինը ծովու մեջ դիտելեն ետքը, տուն դարձած են և փշրած են հայելիները։

Այսպես է ծովն, ոչ թե միայն գեղեցիկ է, այլ կը գեղեցկացնե նաև զայն, որ իրեն ծոցը կը մտնե։

Կանայք միշտ կը խորհին, թե կարելիություն չկա՜ արդյոք ծովու մեջ պարահանդես ընել։

Բայց թողունք այս խորհրդածություններն և մտնենք կանանց բաղնիքը։

— Սա դիմացի կենճը որո՞ւն աղջիկն է:

— Տեր ողորմյա, մայրի՜կ, չճանչցա՞ր, մեր դրացիին աղջիկը չէ՞։

— Ի՞նչ կըսես.․․ որքան փոխվեր է, ձյունի պես ճերմակ կենճ մէր, սևցեր է։ Աստիի կողմն կայնողն ո՞վ է։

— Մայրի՜կ, դուն խենդեցեր ես այսօր, աղային կինը չէ՞։

— Վայ մեղքիս... եթե չըսեիր, չպիտի ճանչնայի, գիրուկ բան մէր անիկա, չեոբ դարձեր է նե... սխալ ես, աղջիկս, սխալ ես։

Քիչ մանդին.

— Շապիկդ ալ մի հաներ, աղջիկս, շապիկովդ մտիր, կը մսիս, ջուրը պաղ է։

— Մայրիկ, շապիկով կը մտցվի՞։

— Ես ինչ կըսեմ նե՝ ան ըրե՛, դուն նշանված չես տակավին։

Քիշ մը հեռուն.

— Գուլպաներդ մի՜ հաներ, աղջիկս։

— Գուլպաներով կը մտցվի՞։

— Պոթիններդ ալ հագի՜ր, յավրուս։