— Ի՞նչ կըսեն։
— Չիվիի վրա կը կոխես, աղջիկս։
— Պիտի հանեմ։
— Հանե՛, ու երկար մատներդ ցցուր. վախ որ ասանկ բաներ չիյտես։
Երկու մեթրո ասդին։
— Սանկ նետվե նայիմ, առյուծի պես.․․ ապրիս, աղջիկս, ապրիս, աղջիկս, համարձակ եղի՛ր... սանկ կռնակի վրա լողա՛ նայիմ, մազերդ սիրեմ... պոյղ, պոսդ սիրեմ, աղջիկս... մաշալլահ...
Բայց կիները զիրար չեն քաշեր, խծբծանքը կսկսի։
— Ի՞նչ մեղքս պահեմ, կ՛ըսե մազերը թափված տիկին մը, այսչափ երկար մազերեն չեմ ախորժիր, խազըխի պես մազեր...
— Պարե աղվորս ըլլա... միսեն ուրիշ բան չունի։
— Հապա տուտախները... բաչա տուտախ...
— Հապա աչքերը... քիչ աղվոր չեն։
— Կենճ է տե ատոր համար աղվոր կ՝ըսվի։
— Կե՞նճ մի, հիսուն տարու կա անիկա։
— Հապա ակռաները...
— Հապա թևերուն հաստությունը, համալի թև կը նմանի։
Չորս կանգուն անգին.
— Չմտնաս, աղջիկս։
— Պիտի մտնամ։
— Մտի՛ր, նազիկ աղջիկս։
Խծբծանքը կ՝սկսի.
— Աս ալ քիչ միս չունի։
— Ասոր ալ մազերը երկար են։ Փատի պես մազեր։
— Աչքերն ալ որչափ սև են... քյոմիրճիի խանութեն ելած է կարծես։
— Ակռաներն շատ սպիտակ են... հիմա մախպուլ չէ ճերմակ ակռաները։
Դիմացի կողմը.
— Քա, վախս ի՜նչ էր... աս նետվողը ո՛վ է։
— *** աղային կինն է։
— Այդ կտրիճին կի՞նն է։
— Այո՛։
— Բա ասոր ինչի՞ն հավնեցավ տե առավ։
— Հինգ հազար ոսկի թրախոմա տվավ աղջիկը։