— Իրավունք ունիք, ինչ որ կըսեք` հայտնի է արևու պես։
Ութսուն հազար ոսկի ունեցող երեսփոխան մալ օր մը կը փափագի, որ շաքարը սև ըլլա։
Կը պատասխանեմ․
— Համակարծիք եմ ձեզի, քվեի դրեք խնդիրը։
Յոթանասուն հազար ոսկվո տեր երեսփոխան մալ կորոշե ինքնիրեն, թե սև է շաքարը։
Կը պատասխանեմ․
— Կերևի, թե բավական իմաստասիրած եք շաքարը։
Վաթսուն հազար ոսկի պարունակող դրամարկղի տեր երեսփոխան մալ կը հավատա, թե սև է շաքարը։
Կը պատասխանեմ.
— Հաւատք քո կեցուցին զքեզ¹։
Հիսուն հազար ունեցողն ինչո՞ւ յուր քվեն չտա ի նպաստ սեվության շաքարի։
Անոր ալ կը պատասխանեմ․
— Մասնավոր ուսո՞ւմ ըրած եք գույներու վրա։
Հիսուն հազար ոսկի հարստություն ունեցողն ալ օր մը կը հաճի պնդել շաքարին սևությունը։
Կը պատասխանեմ.
— Կարծեմ թե շաքարը սանկ քիչ մը ճերմակություն ունի։
— Ամենևին չունի, ամենևին։
— Աննշմարելի ճերմակություն մը։
— Սխալ է, կատարյալ սև է։
— Աչքերս խաբած են զիս ուրեմն, ներեցե՛ք
Քառասուն հազար ոսկինոցն երկար ատենաբանությամբ մը ճառե շաքարին սևությանը վրա։
Կը պատասխանեմ․
— Ձեզի համակարծիք չեմ այս մասին, շաքարն ավելի ճերմակին մոտ է քան սևին։
— Կը սխալիք, չարաչար կը սխալիք։
— Կարելի է։
Երեսուն հազարանոցն կսկսի փաստաբանել շաքարին սևությունը։
Կը պատասխանեմ․
— Հակակարծիք եմ ձեզի, էֆենտի, շաքարը սև չէ։
— Սև է։
— Ո՛չ։
— Կարծիքներն ազատ են։