Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/519

Այս էջը սրբագրված է

— Սա կնկան ետևեն կախված կողովը.․․ էյ, ստակս տուր, որ երթամ, ժամանակ կորսնցնելու չի գար։

— Ի՞նչ ստակ տամ, վայ ոտքս... ոտքս...

— Սակարկություն չըրի՞եք մի․․․

— Սակարկություննիս ասա՞նկ էր, գետի՞նը պիտի ձգեիք զիս... ես հիմա ձեզմե ստակ կուզեմ, որ խըրըքճի մը բերել տամ։

— Մենք հանգանք ունինք։

Իշպանին հետ վիճաբանությունը կերկարի. անցնողներեն ոմանք կը միջամտեն.

— Աղքատ մարդուն ստակը ինչո՞ւ չես տար։

— Ի՞նչ հանգանք ունի խեղճ մարդը։

— Հեծնալ չէիր գիտեր նե քալելով երթայիր, էֆենտիմ։

— Անիրավություն պետք չէ։

Կիրակոս աղան կը գոհացնե իշպանը, սակայն կը լուծե յուր վրեժն՝ քանի մը ծանր հարվածներ տալով ավանակին, որ արհամարհական լռություն կը պահե խմբագրաց ոմանց պես։

Կիրակոս աղային անկման ներկա գտնվող տիկինները կը մոտենան իրեն։

— Մեկ կողմդ ցավցուցի՞ր, աղա։

— Այո՛։

— Մենք ալ կուրախանայինք, որ կանոնավոր կերպով ինկար ու մեկ թարաֆդ չցավցուցիր։

— Շնորհակալ եմ։

— Կան որ գլխիվայր կիյնան ու գլուխնին կը պատռեն։

— Կան ալ, որ քովընտի կիյնան ու թևերնին կը կոտրեն։

— Շիտակը ինկար նե պռավո ըսի մտքես, ինչ աղեկ գիտե կոր իյնալը։

— Ես ալ կարծեցի, որ սանկ չալըմով մը վար իջար էշեն։

— Ի՜նչ չալըմ, տիկին։ Ոտքս ցավցուցի։

— Անցած ըլլա՝ բան մը չէ, թևդ ցավցնեիր նե ավելի գեշ էր, յա։

— Հապա թեր կոտրեր նե։

— Հապա աչքին գար նե։

— Աստված պահեր է։ Տրված սատաքա ունի եղեր։

— Աղա, պարապ կառք մը կերթա կոր նավամատույցը, կուզես նե մտիր մեջը գնա:

— Իմ միտքս ալ ան է։

Նշան կրնե կառապանին, որ կայնի։ Հետո կը հարցնե անոր.