Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/52

Այս էջը սրբագրված է

Հիմա իրեն դիմողներեն և ոչ մին վռնտած է։ Եթե կուզես մեկե մը հանձնարարական նամակ մը առ ու վերատեսչին ներկայացի՞ր։ Վերատեսուչը նամակը կարդալուն պես սիրով կընդունի քեզի և անմիջապես գործ մը կը գտնա, վռնտելու սովորությունը չունի, իրեն ներկայանալուդ պես կը հարցունե.

— Գո՞րծ կուզես, տղա։

— Հրամմեր եք, էֆենտի։ Մայր մը ունիմ, որ ինձմե դաս մեկը չունի զինքր նայելու համար, խղճացե՛ք մորս և իմ վրա և ինձի գործ մը տվեք։

— Շատ աղեկ, տղա՛ս, ինձի ալ քեզի պես տղաք պետք են, որ աշխատին։

— Շնորհակալ եմ, էֆենտի, վեց ամիս է որ դպրոցե ելած եմ, պարապ կը պտըտիմ։

— Ի՞նչ գիտես։

— Համարակալություն աղեկ գիտեմ:

— Լա՛վ, բայց հիմա համարակալի գործ չուինք... ուրիշ գործ մը կա, որ շատ աղեկ է։

— Ո՞րն է։

— Սա բարձր մինարեն կը տեսնա՞ս կոր:

— Այո՛։

— Անոր գագաթը կելնես և կապարները մեկիկ մեկիկ կը համրես։

— Ի՞նչ կըսեք, էֆենտի, ես կրնա՞մ մինարեին գագաթը ելնել։

— Հիմակուհիմա, ուրիշ գործ չկա, տղաս. ի՞նչ ընենք, ես ալ կը ցավիմ, որ չես կրնար կոր ելնել, բայց վախ ու բան մը չկա, չվանով վեր կը քաշեն...

— Կիյնամ ու հազար կտոր կըլլամ, էֆենտի։

— Մե՜ղք, հազար մե՜ղք, չվախնայիր նե որչափ աղեկ կըլլար։

Եթե ուրիշ մը երթա ու այն գործը ես կրնամ ընել ըսե՝ անոր ալ կըսե, որ հիմակուհիմա մինարեին գագաթը գործ չկա, գուն սա հորը իջի՛ր ու մեջը որչափ ջուր կա նե հասկցի՛ր։ Ահա այսպես, ո՞ր գործն ընելու որ կը վախնաս քեզի այն գործին գլուխը կը դնե, դուն ալ բնականաբար չես կրնար ընդունիլ ու ինքիրմեդ կելնես, կ՝երթաս։

— Ինչո՞ւ ասանկ կընե։