Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/53

Այս էջը սրբագրված է

— Որպեսզի երթալով դուրսեն բնավ մարդ չգտնվի գործին մեջ և միայն ինք ու իր փեսան ու ազգականները վասակին։

— Ասանկ անիրավություն մը ես չեմ կրնար ընել։

— Հարուստ ըլլալու համար ընելու ես, արհեստավորներուն բերնեն հացը հափշտակելու ես, գործավորներն անոթութենե մեռցնելու ես, բարերարիդ քու վրա ունեցած վստահությունը չարաչար գործածելու ես, մինչև անգամ անոր կործանման աշխատելու ես, բարեկամիդ քու զավակդ հաջորդեցնելու տեղ անոր բուն հաջորդներեն ոմանք ասկից հեռացնելու ես, ոմանք ալ դեռ դպրոցին մեջ արվեստնին չկատարելագործած՝ հոս բերել տալու ես և ոտքիդ տակն ճզմելու ես և անոր տեղ զավակդ դպրոց դնելու ես, որպեսզի քանի մը տարիեն հոս բերել տաս ու բարերարիդ հետ մրցիլ տաս, բարերարդ որչափ բարի է նե՝ դուն այնչափ չար ըլլալու ես, բարերարդ որչափ բարեգործ՝ դուն այնչափ չարագործ ըլլալու ես, բարերարդ որչափ աղքատասեր՝ դուն այնչափ աղքատները հալածելու ես։

— Չըսե՜ս, որ հարուստ ըլլալու համար ժանտախտ ըլլալու Է։

— Փեսիդ սենյակ մը բանալ տալով ատենոք հարյուր հոգիին վաստկածը հիմա միայն փեսիդ՝ այսինքն քեզի վաստկցնելու ես, աղջիկդ ալ բիանիսթ ընելու ես։

— Ատոր ի՞նչ կը խառնվիս, դուն իմ քեյֆս չես ա՛, աղջիկս բիանիսթ չեմ ըներ։

— Դուն չես ըներ, բայց ան կըլլա։

— Բռնի՞ կըլլա։

— Այո՛։

— Լեզվիդ տակը բան մը կա, ինչո՞ւ չես ըսեր։

— Հիմա հարուստ ըլլալու վրա է խոսքերնիս, բիանոյի վրա խոսած ատեննիս ատոր վրա ալ ընդարձակորեն կը խոսինք։ Կամաց կամաց բոլոր գործավորներուն ճամբա տալով ամենուն ալ գործը դուն տեսնելու ես, օրինակի համար, հողը դուն մշակելու ես, ցորենը դուն ցանելու ես, դուն հնձելու ես, դուն ծեծելու ես, դուն աղալու ես, դուն հաց շինելու ես, դուն ծախելու ես, դուն ուտելու ես. բայց անդիեն ուրիշ մը քսան քանթար կիր սխալմամբ ուրիշ տեղ մը տարեր Է եղեր, իբրև դող վռնտելու ես. ըսենք՝ թե Թոբ Քաբուի մեջ գրագրի մը եղբայրն ուրիշի մը ընկերությամբ գողություն մը ըրեր ու հայտնվեր է, կը տեսնես, որ ծայրը քեզի կը դպչի, չտեսնալու զարնելու ես, բերանդ գոցելու ես։ Այս ամենն