Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/534

Այս էջը սրբագրված է

ֆասուլյա՞, բաթաթես ալ բերին, բրինձ ալ, պանիր ալ, ի՞նչ գիտնամ, բիլերը լեցվեցավ.․․ դուռ բանալեն, գոցելեն ժամանակ չեմ կրնար կոր գտնել։

— Կուտենք, կնիկ, կուտենք, չպիտի նետենք ա։ Ելլանք քիչ մը քազինո երթանք։

Այսպես Եփրեմ աղան, առանց ստակի նեղություն քաշելու կուտեր, կը խմեր և ուրախ կըլլար և կը կարծեր, թե պարտական չէր վճարել օր մը։

Բայց Քասըմը կը մոտենա. ամառվան համար եկողները հետզհետե կիջնան։ Եփրեմ աղան ալ կը պատրաստվի իջնալու։

Նախ և առաջ հաշիվներըը մաքրելու է։ Հացավաճառ, մսավաճառ, նպարավաճառ և այն ամեն բառերը, որ վաճառ կը վերջանան. վաթսուն ոսկվո մոտ գումար մը կը պահանջեն։ Բացի հացեն ամեն բան կրկին գնով նշանակված է։ Եփրեմ աղան դիտողություն կընե գիներու վրա։ Դիտողություն չեն վերցներ վաճառավերջ խանութապաններն, գյուղ գնացողը ստակին խնայելու չէ, կըսեն, մենք ալ անոնց երեսեն քանի մը ստակ պիտի վաստկինք, կըսեն, ձմեռը մենք ինչո՞ւ հոս կսպասենք կոր, կըսեն, ամառը քանի մը ղուրուշ վաստկելու համար։

Եփրեմ աղան մանրուկ չունի։ Գնումները կը դադրին։

Վաճառավերջ խանութապաններն ամեն առավոտ և ամեն երեկո նավամատույցը կերթան և Եփրեմ աղային կը մոտենան։

— Ե՞րբ պիտի երթաք, Եփրեմ աղա։

— Եփրեմ աղա, ինձի կը հանդիպի՞ս։

— Եփրեմ աղա, մոռցար մեզի։

— Եփրեմ աղա, այս իրիկուն կսպասեմ ձեզի։

Եփրեմ աղան չվարած մնացած է։

Մեկ երկու օրեն Եփրեմ աղան նորեն կը շրջապատվի նավամատույցին վրա խանութպաններեն, որ իրարու հետ կը խոսին։

— Պապա մարդ է Եփրեմ աղան․․․ քոնսոլը շատ աղեկ է։

— Քանաբեներն ալ գեշ չեն։

— Քարյոլաներն ավելի աղեկ են, քսան ոսկի կարծեն։

— Հայելիներն այսօր ծախե նե երեսուն ոսկիի ամեն մարդ կառնե։

Եփրեմ աղան հեռվանց կը տեսնե այս խանութպաններն և զանոնք չտեսնիլ կը կեղծե։ Խանութպաններն կը մոտենան անոր,

— Ի՞նչ կա, ի՞նչ չկա, Եփրեմ աղա։

— Մեզի չհանդիպեցաք, Եփրեմ աղա։