Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/564

Այս էջը սրբագրված է

որ երգված է արդեն ուրիշներն, այլ ըսել կուզենք, թե քերթող մը կամ այն, ո՛վ և ի՛նչ որ ըլլա, որ ստեղծելու ասպարեզին մեջ կը գտնվի, նորությանց մեջ միայն կրնա միտքեր և հոգիներ հրապուրել և գրավել։

Ահա, ընթերցող, քեզի քանի մը տրամ ալ բանաստեղծական..․

Կնքենք ուրեմն մեր հոդվածն, որ, արդյունք հարավային հողմերու, երկար եղավ անոնց պես։ Անկեղծաբար հայտնեցինք հարավեն և հարավի առթիվ լույս և ստվերքեն մեր ընդունած տպավորությունը։ Եթե սխալ է այն, գնացեք բողոք բառնալու հարավային հողմերու դեմ, եթե ուղիղ է՝ գնացեք գոհանլու զՆոտոսե։ Եթե այդ հողմերը չփչեին՝ ո՞վ կը նայեր ծովուն երեսը, ո՜վ պիտի փնտրեր Լույսն և Ստվերը, որո՞ւն հողն էր բանաստեղծ ըլլալ... դեկտեմբերի մեջ։


ԱՌԱԿ

Ծերն և մահը

Եզոբոս կը պատմե, թե աղքատ ծերունի մը փայտ կտրելու համար անտառը կերթա օր մը։ Բեռ մը կտրելով շալակը կառնե և գյուղը դառնալու համար ճամբա կելնե: Բեռան ծանրությունը մեկ կողմեն, արևու ջերմությունն մյուս կողմեն — որովհետև հովանոց չունի եղեր — կը հոգնեցնեն խեղճն, որ բեռն վրայեն նետելով կը պոռա. «Ո՜ մահ, եկո՜ւր, առ հոգիս և ազատե զիս»։ Մահն — որայն ատենները կանչվելուն պես կուգար և հիմակվանին պես նազլը չէր — անմիջապես կը ներկայանա ծերունվույն և կը հարցնե. «Ինչո՞ւ զիս կանչեցիր»։ Ծերունին կը պատասխանե. «Կանչեցի, որ սա Խիկարը կարդաս ինձի քիչ մը»։ Մահը կը կարդա Խիկարն: Այն օրեն ծերունին կը զորանա, ավելի ծանր բեռներ կը տանի առանց հոգնելու, բնավ չկանչեր մահը, ոչ թե միայն մահը չկանչեր, այլ նաև մահեն կը կանչվի և չերթար, մինչև որ հարյուր հիսուն տարեկան խոր ծերության մեջ կը ննջե։

Խիկարի տարեկան գինն է երկու արծաթ մեճիտ ԿԱՆԽԻԿ։

Դիմել Մեհմետ փաշա խան, թիվ 18 գրասենյակը։


ԽԵՂՃ ՕՂԻՆ

Ո՜րքան բամբասեցին, անիծեցին և նզովեցին այս ըմպելիքն, ո՜րքան աղետից և թշվառությանց պատճառ համարեցին այս հեղուկն, քանիներ հալածեցին և թշնամանեցին զայն, բայց վերջապես