Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/566

Այս էջը սրբագրված է

Այս տարի մահը շատ է, ծնունդը քիչ է։ Այս դժբախտությունը օղիի կը վերագրվի։

Մեր ազգայինք հոժարակամ չեն վճարեր իրենց ազգային տուրքը։ Այս մասին բացված քննություն մը սա եզրակացության կը հանգի, թե օղիի տրված ստակն եթե ազգային տուրքի տրվեր՝ ոչ ոք պարտական կը մնար յուր տրոց հաշվին։

Կին մը էրիկը թողլով փախեր է։ էրիկը շատ օղի կը խմե եղեր։

Ո՞ր մեկն ըսեմ, հազար ու մեկ ամբաստանություններ, որք դիտության առջև անլսելի կը մնան այսօր և բնավ ազդեցություն չեն ըներ այն անձանց վրա, որք սովորություն ունին օրը մեկ երկու գավաթ օղի խմել։

Արդեն բոլոր գինետուներու մեջ կը կարդացվի այն հոդվածը շաբաթե մի վեր. շատ գինեպաններ ալ այն հոդվածը շրջանակի մը մեջ անցուցեր և իրենց գինետուններու մեջ կախած են։

— Մարտիրոս աղա, կարդացի՞ր Արևելքի մեջ օղիի վրա գրված հոդվածը․․․ սա շիշեն լեցուր, ծո՛։

— Կարդացի, կարդացի, ի՜նչ աղեկ խոսեր է մարդը, տեսա՞ր մի մարդը, ես ալ կըսեի, որ օղին չվնասեր, բայց ո՞վ պիտի հասկնա... իմինս ալ լեցուր։

— Մեծ մարդերն ալ կը խմեն եղեր։

— Ինչո՞ւ չխմեն։

— Երկու հոգի կան եղեր, որ հարյուրական տրամ օղի կը խմեն նախ և վերջը կատենաբանեն եղեր։

— Անոր համար չէ մի որ ատենախոսությունն առաջ գացած է Եվրոպա։

— Պետական մարդ մալ կա եղեր, որ նախ կը խմե և վերջը կը խորհի եղեր։

— Անո՛ր համար աղեկ կը խորհին ա՛... սա շիշն լեցուր, ծո... աղբար, այստեղ դողալով կը խմենք կոր, օղին սանկ է եղեր, օղին նանկ է եղեր, օղին տանկ է եղեր, շիղերը կը տկարացնե եղեր, միտքը կը բթացնե եղեր, սիրտը կը մաշեցնե եղեր... տեֆ եղեք սրկից, աստվածներդ սիրե՛ք... այն հոդվածն չկա մի, ամա բեք խոշս եկավ... կերևի որ մեծ մարդ է ատ մարդը:

— Անանկ կերևա։

— Շատ մեծ մարդ։

— Խնդիրը լավ սերտած է և անանկ խոսքեր ըրած է, որ ամեն մեկ խոսքը գիրք մը կըլլա։

— Շատ խելացի մարդ է... սա շիշեն...