Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/583

Այս էջը սրբագրված է

ՀԱՄԲԱՁՈՒՄՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ

Կը տեսնե՞ք երբեմն քրիստոնեությունը, ինչո՞ւ համար չերեվար, ո՞ւր կը բնակի, ի՞նչ վիճակի մեջ է, հիվանդ է, ողջ է, դրամական նեղություն ունի...

Այս հարցումներն կուղղեմ հաճախ ծանոթներուս, որպեսզի կարենամ գեթ անգամ մը միայն տեսնել քրիստոնեության երեսն, և ի պատասխանի հարցմանցս սա խոսքերը կը լսեմ.

— Մենք ալ տեսած չունինք զինքը.․․ դուրս չելլէր... կերևա թե գործերն ավրված են խեղճին... նախկին փայլը կորուսած է։

Չեմ շատանար այս պատասխանով և կը դիմեմ ողորմած, խոնարհ, բարեպաշտ ճանչցված անձանց, որոնց քով գտնել կը հուսամ քրիստոնեությունն և ձեռնունայն ետ կը դառնամ։

Նամակատուններու կը վազեմ և կը հարցնեմ.

— Ունի՞ք քրիստոնեության հասցեն։

— Ոչ։

Պատկերահաններու կը ներկայանամ.

— Քրիստոնեության մեկ լուսանկար պատկերն ունի՞ք։

— Ո՞վ է քրիստոնեությունը։

Ետ կը դառնամ հուսաբեկ և մարդերու վրա կսկսիմ խուզարկությունս։ Ամեն կարգի մարդոց կը քննեմ սիրտն ու գրպանները։ Ոչ ինչ կը գտնեմ քրիստոնեության նման։ Կը քննեմ նույնիսկ այն տեսակ մարդերն, որոնց մեջ քրիստոնեությունն չէ բնակած երբեք, նույնիսկ հիմարություն կունենամ քրիստոնեությունը կրոնականներու քով փնտրելու թերևս, կըսեմ ես ինձի, սխալմամբ անոնց քով գացած ըլլա, և քրիստոնեության ստվերն անգամ չեմ գտներ..․ ստվե՜րը, գիտեք, մեծ բան մը չէ։ Մեծ զիջումներ կընեմ, չեմ պահանջեր, որ քրիստոնեության հեղինակին բոլոր պատվերները պահվին, այլ գեթ անոնց մեկ քանին գործադրվին, և հակառակ այս զիջմանս, դարձյալ չեմ տեսներ քրիստոնեության ամենափոքր կոտորակ մը միլիոնավոր քրիստոնեից մեջ։ Քրիստոնեությունն եթե պահեստի զգեստ մէ, կյուրակե օրերը գոնե հագնին, արդյոք չհինցընելու նպատակա՞վ է, որ քրիստոնյայք չեն գործածեր և իրենց սնտուկին մեջ կը պահեն զայն։ Մեկ խոսքով, կը տեսնեմ քրիստոնյաներ, բայց ոչ քրիստոնեություն։

Հաստատենք։

Սուրբ գիրքը կըսե։

«Ամենևին մի՛ երդնուլ»։