էշերուն, որ, առանց ոևէ շահու ակնկալության, անձնանվիրաբար կը ծառայեն մարդոց։ Շատ դժվար է, կըսեի, ասանկ անձնանվերներ գտնել։ Այս խորհրդածություններով ես ու բարեկամս ճաշարան մը մտանք։ Նույն ավուր կերակրոց ցուցակն ուզեցինք։
— Սա ցուցակը բերե՛ք։
— Ավասիկ։
— Մսի ջուր մը բեր։
— Լմնցավ։
— Շիշ քեպապի մը բեր։
— Երկու շիշ կար, ան ալ հիմա Հակոբ աղային տվինք։
— Ինչո՞ւ չեք ջնջեր ցուցակին մեջ..․ — մաքարոնի մը բեր։
— Քիչ մառաջ ուզեիք նե կար։
— Բրիզոլա մը դի՛ր։
— Չկա, եթե կուզեք պուտ քեպապի մը տամ։
— Ինչ կերակուր ունիք նե՝ անոր ցուցակը բե՛ր։
— Ֆասուլյա կ՝ուզե՞ք։
— Բերե՛ք այն կերակուրը, զոր կը սիրեք.
Կերակուրի կարևորություն չենք տար ոչ ես և ոչ բարեկամս, ուստի, սկսանք ուտել ինչ որ բերին մեր առջև։ Այս միջոցին մին երկու անձերեն՝ որ մեր քով նստած էին, ոտք ելավ և սկսավ բան մը փնտրել գետինը։ Կը սիրեմ օգնել ուրիշներու, ուստի, ես ալ սկսա չորս դին նայել ու փնտրել ինչ որ կորուսած էր մեր դրացին։
— Ի՞նչ կորսնցուցիք։
— Ոչինչ... կը գտնեմ։
— Ըսե՛ք, որ ես ալ փնտրեմ։
Մարդը չուզեց ըսել, բայց վերջապես հասկցանք անուղղակի կերպով՝ թե ինչ կորուսած էր։
— Ի՞նչ էր կորուսածը։
— Մեծ բան մը չէ, առջևի երկու ակռաները, զորս գտավ ինքը և դրավ բերանը։
Առանց ուրիշի զգալ տալու, քիչ մը խնդացի մտքովս։
Տարակույս չկա, թե այսօր շատ կը խնդանք, երբ մեկը մեզի ըսե.
— Երեկ կորսնցուցի քիթս... ի՜նչ աղվոր քիթ էր․․․ հինգ ոսկի տված էի։
Կամ ուրիշ մը.
— Ականջներս եթե գտնեք, կաղաչեմ, ինձի դարձուցեք։