Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/631

Այս էջը սրբագրված է

վրա, եթե հաստատեն մեզ, թե սխալ են անոնք։ Այսքան դժվա՞ր է մարդուս յուր սխալը ճանչելն. համոզվիլը դյուցազնությո՞ւն է արդյոք, Հոմերոսի աչքեն վրիպած...

Մինչդեռ երեսփոխանական կուսակցությունները այս դժվարությունները կը հարուցանեն, պատրիարքցուի միջնորդներն ևս իրենց կողմե կաշխատին, որ կարելի եղածին չափ նվազ արժանավորին քվե տրվի։

Օր չանցնիր, հորում քանի մը հանրագրություններ չներկայացվին ինձ.

— Ստորագրե՛։

— Ինչո՞ւ ստորագրեմ։

— Հարմարագույն անձն այս է, եղբայր, ստորագրե՛, կըսեմ կոր քեզի, ազգին շահն այս անձը կը պահանջե։

— Չեմ ստորագրեր։

Կը մեկնի։ Կես ժամեն ուրիշ մը կը ներկայանա.

— Կը բարեհաճի՞ք ստորագրել սա թուղթը։

— Չեմ բարեհաճիր։

— Շատ պատվական մարդ է, ազգին շահը կր պահանջե, որ այս մարդը...

— Կես ժամ առաջ ազգին շահը... արքեպիսկոպոսը կը պահանջեր։

— Ահ, կ՛երդնում, որ աս անկե նվազ վտանգավոր է։

— Ի՞նչ աղեկ հանձնարարություն։

— Ստորագրություն մը դնեիք... ի՞նչ կըլլա ստորագրություն դնելով։

— Չեմ կրնար։

Կերթա։ Մեկ ժամե ետքը նոր միջնորդ կը ներկայանա։

— Սա հանրագրությունը կը կարդա՞ք։

— Ժամանակ չունիմ։

— Ես կարդամ նե, մտիկ կ՛ընե՞ք:

— Ոչ։

— Կստորագրե՞ք։

— Ինչո՞ւ ստորագրեմ։

— Չիյտեք, աղբար, ինչ աղեկ մարդ է։ Չար լեզուները միշտ բամբասած են զինքը և ինքը միշտ ներած է։ Ազգին շահն ալ կը պահանջն, որ այս անձը Պատրիարք ըլլա։

— Վստահություն չունիմ այդ անձին վրա։

— Անգամ մը Պատրիարք ընենք սա մարդը..․ փորձենք... նայինք։