— Փորձվելիք եպիսկոպոսն մը կը վախնամ ես, փորձվածներեն ընտրենք։
— Փորձենք, աղբար, ի՞նչ գիտես... թերևս աղեկություն պիտի ընե մարդը և խպնեցունե թշնամիները... կրնամ վստահացնել զձեզ, թե չկրնար մեծ չարիք հասցնել ազգին։
— Պատրիարք մը անպատճառ չարիք հասցնելու իրավո՞ւնք ունի որ...
— Այսինքն.․․ ըսել ուզեցի, թե վախնալու մարդ մը չէ, ստորագրություն մը, ի՞նչ կըլլալ դուք նորեն ձեր կարծիքը պաշտպանեցե՛ք։
— Այսինքն ստորագրությամբս գովեմ ինչ որ բերնովս կը պարսավեմ։
— Իմին ալ նպատակս սա է, որ ստորագրությունները շատկեկ ըլլան։
— Կը խնդրեմ, գնացե՛ք ուրիշ տեղեր հավաքել ստորագրություններ։
— Ազգին շահը չեք խորհիր ուրեմն։
Իրաց այս վիճակին մեջ, որպես հայտնի է, շատ դժվար է գուշակել մեր ապագա պատրիարքին անունը, սակայն, կը հուսանք, թե երեսփոխան էֆենտիներն ի մոտո կսկսին, մասնավոր գումարումներու մեջ, խորհրդակցությանց և համոզելով ու համոզվելով կը հաջողին ժամանակիս պահանջմանց համաձայն ընտրություն մընել։