Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/647

Այս էջը սրբագրված է

նամակներ գրելու, անոնցմե նամակներ ընդունելու, փոխանակ բաժնեգնի, ընթերցասիրությունն ազգին մեջ տարածելու համար ձեռագիր հոդվածներ ղրկել ազգայնոց, նամակի ծախք վճարել և այլն և այլն. — արժան զատած է ինքզինքն այսօր չորս տարեկան ներկայացներ Լուսինն ազատ է երեսուն օրվան մեջ քսան և ութ օր ամպերուն ետևը ծածկվիլ, երկու օր միայն լուսավորել և համարել, թե յուր շրջանը շարունակած է։ Խիկար լուսնի պես խարդախ չէ։ Մարդիկ ալ պարտավոր են Խիկարին հետևիլ։

Այս բացատրություններե հետո փութանք հայտնել, թե հանդեսս, որպես ծանույց յուր վերջին թերթով, Ե. շրջանի համար նոր ծրագիր չունի։ Պիտի շարունակե յուր արդի ուղղությունն և իրեն համար Մեարիֆեն գծված սահմանին մեջ, որ է էտեպիյաթին վրա միայն գրել, ոևէ ջանք չպիտի խնայե ազգին օգտակար ըլլալու, ընթերցողներն և միանգամայն Մեարիֆն գոհ ընելու համար։

Անձնավորություն մը նախ դիմակավորել և հետո անոր դեմ գրելն, որպես կը հանձնարարեն մեզ ոմանք, մեր գործը չէ։ Երգիծանքը նետ մէ, որքան ի հեռուստ արձակվի, այնքան ավելի՜ կը կորուսնե յուր ուժն մինչև որ նպատակին հասնի, և, ինչ որ ցավալի է, շատ անգամ նպատակեն կը շեղի և կերթա ուրիշ մը վիրավորելու։ Երգիծանքն, ըսված է, անձերը կը հարվածե, իսկ կատակերգությունն մոլությունները։ Երգիծանելու արտոնություն չունենալով, Խիկարի մեջ միայն կատակերգություն հրատարակվելու անպատեհությունն զգալով, հարկադրված ենք մեր ազգային կյանքը նկարագրել զանազան ձևերու տակ։ Եվ հույժ ուրախ ենք, որ այս վիճակին մեջ Խիկար հուսացվածեն շատ ավելի ընդունելություն կը գտնե հետզհետե ավելցնելով յուր ընթերցողաց թիվը։

Ի վերջո, մեր ամենախորին շնորհակալությունը հայտնելով այն ազնիվ անձանց, որ կաջակցին մեզ մեր թերթը տարածելու համար, թե մայրաքաղաքիս և թե գավառաց մեջ, կը խնդրենք քանի մը գավառաց բաժանորդներեն, որ բարեհաճին իրենց պարտքն մեզ վճարել անհապաղ։


ԵՐԵՍՓՈԽԱՆ ՄԸ ԿԸ ՓՆՏՐՎԻ

Թաղի մը քվեարկու կուսակցությունները չհաջողեցան տակավին միաբանիլ ընտրելվո մը վրա, միայն թե ընտրելյաց թիվն երեքի վերածվեցավ։