Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/651

Այս էջը սրբագրված է

Օտար վարժարանաց մեջ մեր տղայոց չտարվիր այնքան խնամք, որքան մեր ազգային վարժարանաց մեջ։ Օտար վարժարանի մը մեջ տղան կը գանակոծվի. կը հանդուրժենք, օտարն արդարացնելով.

— Թո՛ղ գանակոծվի, որ մարդ ըլլա, ծեծի արժանի հանցանք մը գործած է անշուշտ. անոնք լավ մանկավարժ ու դաստիարակ են, չեն ծեծեր՝ եթե իրավունք չունենան, օրհնյալ ըլլա տղաս ծեծող ձեռքը։

Ազգային վարժարանի մը մեջ տղա մը թեթև ապտակ մը կընդունի.

— Տղաս ծեծե՜լ... ծեծն անբան անասուններու համար է, ի՞նչ է ըրեր տղաս, որ անանկ գազանաբար ծեծեր են... պարապ բան է, պարապ, մեր մեջ ո՛չ մանկավարժ կա, ոչ դաստիարակ... վաղը կառավարիչը դպրոցեն հանել կուտամ և լրագրի մը մեջ ալ կը խայտառակեմ անպիտանը։

Օտար վարժարանեն մեր տղան կելլե շրջանավարտ և գլուխն պարապ․

— Վարժարանն ի՞նչ հանցանք ունի, տղաս ըմբռնելու հատկություն ու տրամադրություն չուներ։

Ազգային վարժարանեն կելլե բավական ուսյալ։

— Մեղք տված ստակներուս, մեղք տղուս կորսցնուցած ժամերուն, բան մը չէ սորված, արդեն մեր վարժարանաց մեջ բան չեն սորվեցներ որ։

Միևնույն կոշիկը թե հայը կը ծախե թե օտարը։

Օտարեն կը դնենք մեր կոշիկները, որ երկու ամիսեն կը պատռտին.

— Ի՞նչ ընե մարդը, կոշիկին մեջ չէր ա՜, թո՜ղ որ այս երկու ամիս ես ալ շատ քալեցի։

Ազգայինեն կը դնենք և կը հագնինք երեք ամիս։

— Ես արդեն երդում ըրած էի հայեն առուտուր չընել ա՛, ինչ որ է, սխալեցա. անպիտան մարդ, ինձի անանկ խաբել... մարդ ըլլալիք չունին մերինները, չունին մարդ ըլլաիք... հաճախորդ բռնելու ճամբան չիյտեն։

Միևնույն օղին թե՛ հայն կը վաճառն և թե՛ օտարը։

Օտարաց գինետուններր լի են հայերով, մոլության մեջ մոլություն։ Հայոց գինետուններու մեջ օտար բնավ չերևիր. մոլության մեջ առաքինություն։

Օտարին օղին անուշ է.