Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/663

Այս էջը սրբագրված է

Ավելի նոր սերունդ մը կը փափագեր, որ Գատը գյուղի քարոզիչ արժանապատիվ Եղիշե վարդապետ Այվազյանն ընտրվեր Պատրիարք, մինչդեռ սերունդ մոր կը պատրաստվի նոր ըլլալ, յուր պաճուճապատանքներեն մին կ՛ուզեր տեսնել պատրիարքական աթոռին վրա։ Բայց ազգն ազատեց օձիքն այս սերնդական նորություններեն, Պատրիարք ընտրելով ամենապատիվ Խորեն արքեպիսկոպոս Աշըգյանը։

Իրաց այս տխուր վիճակի մեջ չմոռնանք հայտնել, թե մեր գավառացի բաժանորդներեն ոմանք տակավին չեն հաճիր հասցնել մեզ իրենց բաժանորդագինը։

Մետրեսե յախոտ միֆթանը իմլա անուն թուրքերեն ընթերցարան մը հրատարակվեցավ այս օրերս ազգային առաջնակարգ տաճկագետ մեծապատիվ Իգնատիոս էֆենտի Սարայտարյանե: Սույն դասագիրքն, որ մանկավարժական նորագույն դրությանց համաձայն պատրաստված է՝ հզորագույն իրավունք ունի մտնել մեր ազգային վարժարանաց մեջ։ Գինն է հարյուր փարա։

Այս առթիվ արժան կը համարինք երկու խոսք ընել այն մրցման վրա, որ տեղի կունենա դասագիրք պատրաստողներու մեջ դասագրյանց գիները զեղջելու մասին։

Արդեն հայտնի է, թե մեր դասագիրքերը շատ դյուրագնի կը վաճառվին այսօր, բայց դասագրքի հեղինակները դարձյալ գոհ չեն, մրցումը կը շարունակեն, որպես թե հօգուտ ժողովրդյան քսակին։

Դեռ երեկ կը վիճաբանեին երկու հեղինակներ.

— Եթե դուն ազգային պատմությունդ վաթսուն փարայի իջեցնես, հիսունի պիտի ծախեմ իմինս։

— Քառասունի կիջեցնեմ։

— Երեսունի պիտի տամ։

— Քսան փարայի կը ծախեմ։

— Տասը փարայի կուտամ։

— Թվաբանությանս գինն ալ պիտի զեղջեմ։

— Ութը փարայի պիտի տամ ես։

— Երկու քերական մեկ փարայի պիտի տամ։

— Ես ձրի պիտի տամ։

Եթե քաղաքապետության պաշտոնն ըլլար հսկել այս դասագրյանց վրա՝ անշուշտ անոնց ամենն ալ — պզտիկ