Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/665

Այս էջը սրբագրված է

Եվ ամեն երիտասարդ որ աղջիկ կը փնտրե այսօր՝ այս հարցարանին ավելի ընդարձակն ունի ծոցը։

Բացառություն է ուրեմն Թնկրյան էֆենտի և եթե չըլլար՝ անոր նշանախոսությունը հրատարակելու արտականություն չէր զգար Խիկար:

Կը փափագիմ, որ ազգային Պատրիարքարանն մրցանակ սահմաններ այն երիտասարդաց, որ դրամ չեն պահանջեր իրենց ապառնի կիներեն։

Կուզեի իմանալ, թե ամեն բառ իրավունք ունի՞ գեղագրվելու։

Կզգամ, թե կան բառեր, որք զարդարուն, գեղեցիկ և ծաղկանկար տառերով արժանի են գրվելու, որպես վեհանձնություն, բարեգործություն, մարդասիրություն և այլ ասոնց նման բառեր։

Բայց, կրնա՞ք ոսկեղեն տառերով գրել իսհալ և գանլը պասուր բառերը:

Այս է խնդիրը։

Հռչակավոր դեղագործ մը իսնալի և գանլը պասուրի դեմ դեղահատներ կը շինե, լրագրաց մեջ կը ծանուցանե, թե յուր դեղահատները իսհալ և գանլը պասուրը կը բժշկեն, դեղագործին իրավունքն այս է։

Բայց, երբ այդ ծանուցման վերնագիր դրված իսհալ և գանլը պասուրը գեղեցկագրությամբ կը զարդարե, իրավունք կուտա մեզ դիտել տալու, թե յուր իրավանց սահմանեն դուրս կելնե այն չափ գեղեցիկ տառեր գործածելով իսհալի և գանլը պասուրի համար, որք, ըստ մեզ, տգեղագույն տառերով ներկայացվելու իրավունք ունին։

Իսհալը միշտ իսճալ մէ և գանլը պասուրն ալ միշտ գանլը պասուր կը մնա, որքան ալ վարդագույն ներկայացնենք զանոնք։ Նյութս արդարև օրվան խնդիր չէ, բայց ցույց տալու համար, թե նույն իսկ իսհալեն և գանլը պասուրեն կրնանք բարոյական քաղել, որպես մեղեն շաքար՝ կը փութանք հայտնել, թե իսհալի և գանլը պասուրի ձոնված այս գեղեցկագրությունը շատ կը նմանի այն դափնիներուն, որովք անարժաններուն ճակատը կը զարդարենք երբեմն։

Սա բարոյականն ալ կրնանք քաղել, թե տգեղը գեղեցկացնելու ջանքը գեղեցիկը տգեղացնելու կը ծառայե։

Խնայեցե՜ք գեղեցկագրության, ո՛ լրագիրներ։