Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/666

Այս էջը սրբագրված է

Խնայեցեք գովեստներու, ո՛ խմբագիրներ։

Գեթ իսհալի և գանլը պասուրի հետ մի վարվիք այնպես, որպես կը վարվիք ձեր բաժանորդաց հետ, որ չմատնեք դուք զձեզ։


ԿԱՆԱՆՑ ԿԵՂԾՈՌԻԿԸ

Նորաձևության ակումբներու մեջ խորին ուշադրության առարկա եղած է վերջին օրերս կանանց կեղծոռիկը — tournure․

Բառաքննական պզտիկ դիտողություն մը, հետո շարունակություն հոդվածիս։

Կեղծոռիկը, զոր պետք չէ շփոթել Կայծոռիկին հետ, շնորհակալությամբ կընդունինք և Տեմիրճիպաշյանի պահանջքին կանցունենք։ Միայն ներվի մեզ դիտել, թե գեր կանայք հաշտ աչոք չպիտի նային իկ նվազական մասնիկին և պիտի պահանջեն թերևս, որ հավելական մասնիկ մը դրվի անոր տեղ։ Արդարև, եթե կեղծոռիկը քիչ մավելի խորեն դիտենք բառաքննական աչքով, իսկույն պիտի համոզվինք, թե նվազականի հարմարություն չունի շատ։ Ի՞նչ է կեղծոռիկը։ Բառ մոր մեծության գաղափար կուտա, և նվազական չէ, ինչ որ մեծ է։ Տրամաբանությունն ուղիղ է։ Կը մնա ականջները գոհացնելու խնդիրը, առանց սակայն կանանց, մանավանդ գեր կանանց, իրավունքը բռնաբարելու։ Իբրև խոնարհ ծառա ազգային գրականության՝ ազգային բանասիրաց կը ներկայացնենք կեղծոռանույշ բառը։ Ականջները դժգոհելու իրավունք չունին այս բառեն: Տեմիրճիպաշյանն ալ պետք է որ գոհ ըլլա, այլ է եթե առարկե, թե ոչ իբրև նվազական, այլ իբրև գգվական ավելցուցած է իկ մասնիկը։ Այսուամենայնիվ մինչև ցնոր կարգադրություն կընդունինք կեղծոռիկը և կը դառնանք բուն խնդրույն։

Ամեն աչք կեղծոռիկներու վրա սևեռած են այսօր։ Փափուկ է խնդիրն և դժվար անոր լուծումը։ Արդեն Գաղղիո մայրաքաղաքը, մայրաքաղաք նորաձևությանց, սկզբամբ ընդունած է, կբովի, կեղծոռիկներուն ջնջումը։ Սակայն, այն մայրաքաղաքն, որ մեծ գումարներով կը վարձատրե որթալուիճի կամ մարախի ջնջմանը համար, ոչինչ կը խոստանա կեղծոռիկի բարձմանը համար։ Իրավ է, թե կեղծոռիկն ոչ մեր հասկերը կը պարպե որպես մարախ, ոչ ալ մեր որթերը կը չորցնե ինչպես որթալուիճը, բայց և այնպես պետք չէ կարծել, թե մեր թշնամիներն անոնք են միայն, որ ուղղակի մեր հացին և գինիին կը վնասեն. սխալ է այն գաղափարը, թե կայծոռիկը մեր թշնամին չէ, անոր համար, որ ուտելու բանի մը չվնասեր։