Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/667

Այս էջը սրբագրված է

Հազար անգամ փորձած եմ, բարոյական մեծագույն վնասները նյութական ամենափոքր վնասներու առջև իսկ նշանակություն չունին։ Վաճառական մերբ յուր գրագրի երեսեն հինգ դահեկան վնասե՝ զաշխարհ կը դղրդե և մինչև իսկ պաշտոնեն կը ղրկե գրագիրն, իսկ միևնույն վաճառականը լռություն կը պահե և անտարբեր կը մնա երբ տեսնե թե վարժարանն, ուր կաշակերտին յուր զավակներն, հանձնված է անկարող թաղականի մոր բարոյապես կսպաննե աշակերտները։ Ուստի, զարմանք պատճառելու չէ մեզ դանդաղությունն, որով կը շարժին այսօր կեղծոռիկին բարձմանը համար։ Թե անոր ջնջումը խնդրո նյութ եղած է այսօր՝ չկարծեք թե պարզասիրությունը փրկելու և պահպանելու նպատակավ է, այլ միմիայն սա պատճառավ, թե կեղծոռիկը կորուսած է այսօր յուր թարմությունը, յուր ազդեցությունն և յուր հրապույրը։ Նորաձևությունը պիտի դադրեր նորաձևություն ըլլալե, եթե կարենար ծերանալ, և նորաձևության տարեգրությանց մեջ չտեսնվիր նորաձևություն մոր այնքան շատ ապրած ըլլա, որքան կեղծոռիկը, և այսօր իսկ խնդիր է, թե պե՞տք է թույլ տալ անոր, որ մեռնի։ Անմահանա՞ պիտի կեղծոռիկը, Արամազդա գլո՞խը պիտի անցնի, թե Հերայի... Չեմ կրնար գուշակել ապագան, միայն կը տեսնիմ ներկայիս մեջ կանանց երկու կուսակցոլթյուններ, որ թեր ու դեմ կը խոսին կեղծոռիկին։

Գեր կանայք, որ հակակեղծոռիկյան կուսակցությունը կը կազմեն, կը պնդեն, թե կեղծոռիկը չի կրնար պաշտպանել իրենց ամենամեծ իրավունքները, թե կը բառնա իրենցմե այն առավելությունն, զոր ունին նիհար կանանց վրա, առավելություն, որով պիտի հակակշռեին, կըսեն, նիհար կանանց ուրիշ առավելությունները. թե մեծ անիրավությամբ կը վարվի իրենց հետ նիհար կանանց հասարակորդ ընելով զիրենք։ Գեր կանայք թեև փոքրամասնություն կը կազմեն, իրավունք ունին — զարմանալի չէ՞, որ փոքրամասնություն մը կարենա իրավունք ունենալ — այո՛, իրավունք ունին, որովհետև մեծ դատ մը կը պաշտպանեն, այն է բնականին հաղթանակն ընդ դեմ կեղծին։ Միսո թողուլ և ստվերին ետևեն վազել... Ի՜նչ հիմարություն։ Ծանր է իմաստնույն զուգակշռվիլ իմաստակի հետ. նույնպես դժվար է կնոջ յուր բնական մեկ գեղեցկության կեղծը տեսնել ուրիշ կնոջ վրա։ Այն աղջիկը, զոր բնությունը վարդագեղ այտերով օժտված է՝ երբ հանդիպի ընկերության մը մեջ օրիորդի մոր որդան կարմիրով՝ ծեփած է այտերը վեց ու կես ամիս շարունակ կը հալածե զայն։ Նախ և առաջ յուր նշանածին կը դիմե.