Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/67

Այս էջը սրբագրված է

ցավ ունենան չունենան, թե քուն ըլլան, թե արթուն, լեցուցեր անոնց կոկորդն ի վար միսիլ ուինսլոշ սութինկ սիրըթը. եթե չուզեն և ընդդիմանան՝ ո՜հ մայրեր, մայրեր, մի՛ նայիք ատոնց, զի ոչ գիտեն զինչ գործեն, չուզած ժամանակնին ա՛լ ավելի լեցուցեր անոնց կոկորդն ի վար միսիլ ուինսլոշ սութինկ սիրըթը. իբր այն, թե աղեկ բաները միշտ կը հալածվին։ Եթե զավակնիդ անգիտաբար չընդունին ու մերծեն՝ այն ատեն, ա՜հ մայրեր, շիրինկայով կոկորդն ի վար իջեցուցե՛ք. իսկ երբ դուրս տան՝ մի՛ նայիք անոնց լացին ու աղաղակին և ինթիքանով ներս մղեցե՛ք միսիլ ուինսլոշ սութինկ սիրըթը:

Վերջապես, մայրեր, մայրեր, եթե կ՝ուզեք ձեր սիրելի երեխաները վերոհիշյալ ցավերեն փրկել, իբր վերջին միջոց կը ծանուցանեմ ձեզ, թե միսիլ ուինսլոշ սութինկ սիրըբը փոքրիկ կաթսայի մեջ լցնելով զավակնիդ անոր մեջն ընկղմեցեք։

Մայրեր, մայրեր, խոսքս կը կնքեմ ըսելով, թե քանի որ մեր ազգին բարօրությունը հաջորդ սերունդեն կախյալ է, գիշեր ցերեկ աշխատեցե՛ք, բան մը մի խնայեք և լեցուցե՛ք անոնց կոկորդն ի վար միսիլ ուինսլոշ սութինկ սիրըբը, որպեսզի հաջորդ սերունդն աճի, բարգավաճի և իրարու ձեռք տալով ի միասին գիշեր ցերեկ աղաղակեն և կրկնեն, կեցցե՛ միսիլը ուինսլոշ սաթինկդ սիրըբը, կեցցե՛ եղբայրություն, կեցցե՛ ազատություն։

Կը ծախվի ի գիշեր ցերեկ։


ԲԱՐԵԽՆԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈԻՇԱԴՐՈԻԹՅՈԻՆԸ

Հայաստանեն հասած լուրերն վերջապես կը հայտնեն, թե հարստահարությունը Մշո կուսակալ կարգված է, թե՝ հարստահարությունն է Մուշը կառավարողը։

Չկա հոն ոչ ստացվածքի ապահովություն, ո՛չ կենաց և ոչ ալ պատվո երաշխավորություն, այլ կա հոն հափշտակություն. մարդասպանություն, պատվո բռնաբարում և վերջապես այն ամեն չարիքներն, որ կառավուրություն չունեցող քաղաքի մը մեջ միայն կրնան գործվիլ։

Կարինեն Մասիսի ղրկված նամակ մը հետևյալ տեղեկություններն կուտա։