Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/687

Այս էջը սրբագրված է

Պարոնյանի սովորությունն էր իր թերթերի մեջ հրապարակել անստորագիր հաղորդումներ, որոնք յուրահատուկ առաջնորդողներ, ամփոփումներ էին թերթերի անցած տարիների գործունեության և ուղեցույցներ նրանց ապագա հեռանկարների։ Հիշեալ առաջնորդողներուն շոշափվում էին թերթերի հրատարակության և անձամբ խմբագրի կյանքին առնչվող զանազան հարցեր։

Հիշենք «Չորրորդ շրջան Խիկարի» հաղորդումը.

«Ընթերցասեր ազգայիններեն շատ եր,— գրում է Պարոնյանը,— այս առթիվ փափագ հայտնեցին մեզ հոբելյան կատարել ի պատիվ Խիկարին և եռամյակն տոնել անոր, որ հաջողեցավ անխափան շարունակել երեք տարիներ, որ ըսել է 3/100 դար, սակայն մենք, որ ի բնե չենք ախորժիր ցույցերե՝ ստիպվեցանք չընդունել մեր բարեկամաց առաջարկությունն և աղաչեցինք իրենց չմերժել մեր ամենախորին շնորհակալությունն այն քաջալերության համար, որո շնորհիվ Խիկար կրցավ հրատարակվիլ երեք տարիներ» (տե՛ս էջ 521)։

Պարոնյանագիտությանը քաջ ծանոթ են Պարոնյանի բազմազան, հերոսներով հարուստ աշխարհը երկու հակադիր բևեռներով՝ մի կողմից հարստության իշխանությունը, մյուս կողմից ապրելու հոգսերով ծանրաբեռնված արհեստավորներն ու ձկնորսները, տնային տնտեսուհիներն ու ցուցամոլ քաղքենիները, տգետ մտավորականները, հոգևոր կոչմանն անարժան կրոնավորները, դատարկացան հայրենասերները, պոռոտախոս ազգային գործիչները և, վերջապես, կաշառակեր պաշտոնեությունը բազմաիիվ տեսակներով: Նրանք բոլորը վառ անհատականություններով կենդանի հերոսներ են, հեղինակից անբաժան, ընթերցողին հարազատ։ Ահա նրանցից մեկը, շաղակրատ փաստաբանը.

«Ես իբրև փաստաբան դատը պարզեցի, կոկեցի, փաստաբանեցի, ջատագովեցի այնպիսի եղանակով մը, որ բոլոր ունկնդիրները ծափ զարկին ըսելով՝ դատ մը այսչափ կրնա պաշտպանվիլ. բայց դատը չվաստկիր եղեր․ ատի իմ գիտնալու բանս չէ. մենք, փաստաբանքս դատ մը վրանիս առնենք նե ոչ թե այն դատը վաստկելու համար կառնենք, այլ տրամաբանության, ողջամտության, ուղղամտության համաձայն նախասիրոըթյուններ ընելով, անոնցմե եզրակացություն հանելով՝ դատն յուր պարզության վերածելնուս համար կառնենք և պարզության վերածելնուս պատճառն ալ ժողովուրդը պարզասիրության վարժեցունել է» (տե՛ս «Փաստաբաններու խորհրդակցությունը», էջ 97)։

Դժվար չէ ճանաչել Օգսենի («Պաղտասար աղբար») երկվորյակին, որն այստեղ ևս հանդես է գալիս բառերի նույն շռայլությամբ, անվերջ պատճառաբանություններ, դատողություններ, բացատրություններ՝ միմիայն դրամաշորթության համար, ավելին, մեր անանուն փաստաբանը ինչ բան հարազատ է դատաստանական խորհրդի անդամ Փայլակին («Պաղտասար աղբար»), երբ պահանջում է՝ «Վաղը սեղանը պատրաստեցեք, որ գալու ըլլանք նե քիչ մը բան ուտենք, որովհետև ապացույցներն ու փաստերն անոթի փորանց չեն գտնվիր։ Փաստաբանությունը փորի վրա հիմնված է, երբ փորը լեցուն է, ապացույցներն զորավոր են և օրինավոր, երբ փորը պարապ է, ապացույցներն տկար են և ապօրինի» (տե՛ս էջ 100)։

Նույն առաջարկությամբ Փայլակը դիմում է Սողոմեին՝

«Կանչենք ուրեմն Սողոմեն և զրուցենք իրեն, որ մեզի քիչ մընտիր օղի, կտոր մ՛ապուխտ, կտոր մի պանիր, կտոր մը ձիթապտուղ, կտոր մը հաց, կտոր մը խորոված ձուկ, կտոր մը...» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Պաղտասար աղբար», էջ 365)։