Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/691

Այս էջը սրբագրված է

Պարոնյանի ծածկանունները կարելի է ճշտել նաև հեղինակի նախասիրած համեմատությունների, պատկերների, գործածած ածականների, բառախաղերի օժանդակությամբ։ Նման դեպքերում բավական է ճանաչում գտած, ժողովրդականացած մի խոսք, համեմատություն, տեսնելու համար մեծ երգիծարանին։ Հիշենք «Ազգային ջոջերից» Կ. Փանոսյանի դիմանկարը. առաջին իսկ տողերով Պարոնյանը Փանոսյանին ներկայացնում է՝

«Կարապետ Հ. Փանոսյան, խմբագիր-տնօրեն Մանզումեի էֆքյար Էսեֆենկիզ լրագրո»։ Երգիծանքի առիթը Փանոսյանի էսեֆենկիզ (ցավալի, ողբալի, խղճալի) բառի հաճախակի գործածությունն էր։ Հ. ստորագրությամբ է լույս տեսել ասույթների մի հավաքածու՝ «Ինչ որ անկարելի է» վերնագրով, ուր Փանոսյանը ներկայացված է ճիշտ նույն խոսքերով՝ «առանց էսեֆենկիզ հալի Մանդզւմե մը»:

«Թատրոնում» մի շարք նյութեր տպագրվել են Փայլակ ստորագրությամբ. ձևով հարց-պատասխաններ են, պարոնյանական հանրահայտ ասույթներ, սրամտություններ, բովանդակությամբ՝ հակիրճ կրկնությունները այն բազմաթիվ հարցերի, որոնք շոշափված են Պարոնյանի երկերում, կապված քաղաքական կյանքի, կենցաղի, և առօրյայի հետ։

«Հ. — Կանանց մեջ դրամագլուխը ո՞րն է։

Պ. — Արտասուքը»։

«Հ.— Պատերազմ գացող, կամ պատերազմեն դարձող զինվորներեն ոմանք իրենց քաջությունը ո՞ւր ցցուցին։

Պ. — Անզեն և խեղճ գյուղացոց վրա» (տե՛ս «Օգտակար գիտելիք», էջ 188, 189)։

Եվ կամ՝

«Կրոնական ժողովո համար պատրաստված ընտրելյաց ցուցակին մեջ արդարություն».

«Գոնե օր մը Ազգային սնտուկին գոհացուցիչ վիճակը»։

«Զավեշտական լրագրաց մեջ խնդալու հոդված մը»։

«Մեռելներեն ստակ չառնող քահանա մը»։

«Պատերազմական պատրաստություն չտեսնող կառավարություն մը»։

«Խաչատուր կաթողիկոսին վրա անմեղութեան» և այլն։ Վերջում հանդես է գալիս բուն հեղինակը, Պարոնյանը, երբ հիշեցնում է՝ «Թատրոնի խմբագրին շաբաթը գոնե երկու անգամ տպագրության տեսչության կողմանե չկանչվիլը» (տե՛ս «Տեսնողին մեծ վարձատրություն» էջ 148 — 149)։

Ձևով ու բովանդակությամբ հիշյալ նյութերի շարքին կարելի է դասել «Մեր անթիքաներուն հավաքածուն»՝ Հնահավաք ստորագրությամբ։ Վերնագրով պայմանավորված է ծածկանունը՝ անթիքա-հնություն։ Վերնագիրր օգտագործել որպես ծածկանուն, կամ հակառակը, առաջին դեպքը չէ, որին անդրադարձել ենք արդեն։ Բավական է և մի երկու նմուշների մեջբերում, հանձին Հնահավաքի տեսնելու անսպառ սրամտություններով հարուստ, անկրկնելի, միշտ ինքնատիպ և իրեն հարազատ Պարոնյանին.

«Ճակտին քրտինքով շահած հարուստ մը։

Փանոսյանի թարգմանություններեն ավարտած գիրք մը։