Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/7

Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱՅԻՆ ՍՆՏՈՒԿԻՆ ԱՆԲՆԱԿԱՆ ՏԿԱՐՈԻԹՅՈԻՆԸ

Ազգային սնտուկնիս նորեն քեյֆը ավրեց¹:

Բնականեն քիչ մը հիվանդոտ ըլլալուն` քիչ մը պաղ կամ տաք առնելուն պես իսկույն կը հիվանդանա կոր։

Այսչափ վարպետ բժիշկներ նայեցան, երակները քննեցին, կռնակը ծեծեցին, կուրծքը մտիկ ըրին, մարմնույն մեջ բան մալ չգտան — գանձապետնիս ալ գտած չունի արդեն։

— Եթե բան մը չգտան՝ ինչ է ուրեմն հիվանդությունը։

— Հիվանդությունը ահավասիկ բան չունենալն է, և այս հիվանդութենե շատ մը սնտուկներ բռնված են։

Վերջեն Քաղաքական ժողովո ատենապետ, վսեմափայլ Սիմոն պեյ Մաքսուտյան՝ բերեք սա հիվանդն անգամ մը բարձրապատիվ Աբրահամ փաշայի և բարձրապատիվ Սարգիս պեյ Պալյանի տանիմ, ըսավ և առավ տարավ։

Այս բժիշկներն հիվանդը քննեցին, իրարու հետ խորհրդակցեց ան և գեղ մը տվին։ Գեղին վրա հիվանդնին աչքերը բացավ, բայց ինչ օգուտ, գեղը լմննալուն պես հիվանդությունը նորեն եկավ²։

Հիվանդություններ կան, որոնցմե դեղը պակսեցնելուդ պես կը սաստկանան։ Մեր սնտուկին հիվանդությունն ալ դժբախտաբար աս հիվանդություններեն է. դեղը պակսեցնելու չգար կոր։

Բայց ամեն ատեն դեղը ուսկի՞ց գտնալու է, սնտուկին ձեռքեն բռնած դարձյալ այն բժիշկներո՞ւն առնելու տանելու է, ատ չըլլար։ Ի՞նչ ընելու է ուրեմն։

Դեղ ճարելու միջոցներ խորհելու է։

Ազգային տրոց վերաբերյալ շատ մը առաջարկություններ եղան ասդիեն անդիեն, որոնց նայելով՝ ազգը տարին չդիտեմ քանի միլիոն պիտի վաստկեր։ Այս առաջարկություններն եթե օգտակար էին՝ ինչո՞ւ չընդունվեցան, եթե չէին՝ ինչո՞ւ զանոնք առաջարկողները հիմարանոց չղրկվեցան։