Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/95

Այս էջը սրբագրված է

Կրոնական ժողով․ — Որովհետև ան կրոնական է, բնական է, որ ներումն ան պիտի շնորհե։

Քաղաքական Ժողով․ — Ըլլալու բան չէ աս. թողունք ուրեմն իմ գործս ու ձերինին վրտ խոսինք։

Կրոնական ժողով. — Շատ լավ, շատ բարի, շատ քաջ, շատ աղեկ. հրամմեցեք, խոսեցե՛ք, խոսինք (մեկուսի) սրվոր քթին խնդամ քիչ մը։

Քաղաքական Ժողով. — Փոխանորդ տեր հայրը քեզի շինված եք ըսած ըլլալուն համար բարկացաք, այնպես չէ՞։

Կրոնական ժողով. — Այո՛։

Քաղաքական ժողով. — Աղթամարա կաթողիկոսն իրեն անմեղ ըսելնուդ համար չբարկացա՞վ։

Կրոնական ժողով. — Իրեն պաշտոնապես չհարցուցինք բարկացած ըլլալը կամ չըլլալը։

Քաղաքական Ժողով. — Ըստ իս բարկացած պիտի ըլլա, եթե սովորություն ունի անիրավ բաներուն բարկանալու։

Կրոնական ժողով. — Ձեր այդ խոսքն իմ սիրտս կարեվե, կը խոցե, այն սիրտը, որ ճենճեր եղած Է ազգին բարությանը համար:

Քաղաքական Ժողով. — Ասկից առաջ խնդիր մը լուծեցինք նե ատոր մեջ անիրավություն չկա՞ր։

Կրոնական ժողով. — Հապա ձեր տեսած մյուս գործը անիրավություն չէ՞ր։

Քաղաքական ժողով. — Հապա սա անդիի խնդրույն մեջ ըրածնիդ կը վայլե՞ր։

Կրոնական ժողով. — Կարծեք թե անցյալները տեսած մեկ գործերնիդ մենք չտեսանք։

Քաղաքական ժողով. — Քավլիցի, մենք ամեն խնդիր ըստ օրինի լուծեցինք։

Կրոնական ժողով. — Մենք ալ ճիշտ ձեզի պես ըրինք։

Քաղաքական ժողով. — Մենք ձեզմե շատ գործ տեսանք։

Կրոնական ժողով․ — Մենք ալ պարապ չնստեցանք։

Քաղաքական ժողով. — Բայց դուք քանի մը անիրավություններ ըրիք։

Կրոնական ժողով․ — Չըրինք։

Քաղաքական ժողով. — Ըրիք։

Կրոնական ժողով. — Չըրինք։

Քաղաքական ժողով. — Ըրիք, կըսեմ։

Կրոնական ժողով. — Չըրինք, կըսեմ։