Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/99

Այս էջը սրբագրված է

— Կաղաչեմ, ոտքի վրա մելլաք։

— Սանկ հրամմեցեք։

— Կը խնդրեմ, նստեցե՛ք։

— Ո՛չ, նախ դուք պիտի նստիք։

— Դուք չնստիք նե ես ալ չեմ նստիր։ Ըստ օրինաց, ըստ սովորությանց և ըստ արդարության, պետք է որ նստիք, էֆենտի։

— Շնորհակալ եմ, մյուսյու։

— Բան մը չէ, էֆենտի։

— Ի՞նչպես եք, մյուսյու։

— Փառք Աստուծո, էֆենտի։

— Շատ դատեր ունի՞ք ձեռվընիդ, մյուսյու։

— Ոչ շատ, ոչ ալ քիչ․․․ սիկառ մը կը խմե՞ք, էֆենտի։

— Քթախոտ մը կը քաշե՞ք, մյուսյու։

— Շնորհակալ եմ, էֆենտի։

— Մյուսյու, հրավիրված եք կարծիք հայտնելու այնպիսի դատի մը վրայոք, զոր երկու տարիե ի վեր կը փաստաբանեմ, կ՝իրավաբանեմ, կը պատճառաբանեմ ու կը վարեմ։

— Երջանիկ են այն դատերն, որ ըսածնուդ պես երկու երեք տարի կը փաստաբանվին, կ՝իրավաբանվին, կը պատճառաբանվին. այսպիսի դատերն կենդանանալու հույս մը կուտան. այն դատը, որ երկու երեք տարի կապրի փաստաբանոլթյան դեղերով, ըսել կըլլա՝ թե ավելի տարիներ ալ կրնա ապրիլ։

— Այս դատը ի սկզբան ապրելու հույս կուտա կոր, բայց վերջերն սկսավ գեշ երթալ։

— Պատճա՞ռ, փա՞ստ, ապացո՞ւյց գեշ երթալուն... դատ մը վաստկելու համար պետք է թշնամվույդ ըսածները հերքել և անոր հերքածները հաստատել, դուն չքերքեցի՞ր։

— Հերքեցի։

— Օգուտ մը չըրա՞վ։

— Ոչ։

— Ատանկ է նե հաստատելու սկսեիր։

— Հաստատեցի։

— Դարձյալ օգուտ չըրա՞վ։

— Ոչ։

— Զարմանալի՜ դատ... քիչ մը տրամաբանեիր...

— Տրամաբանեցի, ան ալ օգուտ չըրավ։

— Եզրակացություն հանեիր։

— Հանեցի, ան ալ օգուտ չըրավ։

— Թշնամին համոզեիր.․․