Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/175

Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Ժ.

ՄԱՐԹԱ, ՄԱՐԳԱՐ, ՆԻԿՈ

ՄԱՐԳԱՐ

Տիկին, ձեր աղջիկը, բացակայությանս միջոցին, իրեն՛ սիրական մը գտած է, շատ ուրախ եմ, որ չկարգված իմացա, ուստի այս վայրկենե տված նշանս ետ կառնեմ։


ՄԱՐԹԱ

Իրավացի են քու խոսքերդ, պարոն Մարգար, բայց դուն ուշիմ ու հանճարեղ պատանի մ՝ես, կրնաս դյուրությամբ գուշակել, որ աղջիկ մը շատ անգամ նոր հագուստներու կը խաբվի: Այս Լևոնը, որ Փարիզեն նոր դարձած է, ամեն օր նոր նոր հագուստներ կը հագնի, աղջիկս ալ... ի՞նչ ընե խեղճը...


ՄԱՐԳԱՐ

Որովհետև ձեր դուստրը Լևոնի կամ իր հագուստներուն՝ սիրահարյալ է, պետք է որ հետը կարգվի. ես նորասեր չեմ, մանավանդ թե հնասեր եմ, հին լաթերով կը պտըտիմ։


ՄԱՐԹԱ

Ինչպե՞ս կրնա ըլլալ, որ Լևոնի հետ ամուսնանա, քանի որ ձեզի հետ նշանված է։


ՄԱՐԳԱՐ

է՛հ, ինչ կ’ըլլա նշանած ըլլալովը, կարծես թե նշանը կարող է երկու իրարմե պաղ սրտեր տաքցնել, և միթե պսակը կրնա՞ երկու գլուխ մեկմեկու դպցնել, երբ անոնք իրարու դպած ատեննին բուռն զորությամբ կը մղվին։ Տիկին, աղջիկները մեյմեկ մագնիս են, որ մեկ ծայրեն կը քաշեն, մյուսեն կը վանեն, երիտասարդներն ալ՝ ասեղ. ասեղին մեկ ծայրը կը մոտեցնեն մագնիսին, տեսար որ քաշեց, կը քաշե հավիտյան. իսկ թե որ վանե՝ միշտ կը վանե. մենք ալ, ինչպես որ կերևի, վանիլ կողմն հանդիպած ենք։ Ինչո՞ւ իզուր աշխատիլ, որ սիրվիմ։