Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/255

Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ

Ինքն է, որ կուգա... հեռացիր, (Տիգրան կերթա, Սոֆի դուռը կը գոցե) միշտ խոհուն, միշտ տխուր...


ՏԵՍԻԼ Բ.

ՍՈՖԻ, ՀՈՎՍԵՓ

ՍՈՖԻ

Դարձյալ տխուր եք, հայր իմ։


ՀՈՎՍԵՓ

Ի՞նչպես կուզես, որ ուրախ ըլլամ, սիրո՛ւն աղջիկս, երբ տունս կործանելու փորձ կը փորձեն, երբ իմ ծեր տարիքիս մեջ զիս ողջ ողջ գերեզման իջեցնել կսպառնան։


ՍՈՖԻ

Եվ ո՞վ է այն, հայր իմ, որ...


ՀՈՎՍԵՓ

Չեմ ճանչնար, աղջիկս, միայն սա գիտեմ, որ ինձմե հազար ոսկի առնելիք կը պահանջե, մինչդեռ ես մեկե մը ստակ առած չունիմ։


ՍՈՖԻ

Անհոգ եղիք, հայր իմ, արդարությունը շուտ կը հասնի։


ՀՈՎՍԵՓ

Դատերու մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է, սիրուն աղջիկս, և ի՞նչ օգուտ երբ ես իմ կյանքես զրկվիմ և զքեզ անոք ու անօգնական թողում։


ՍՈՖԻ

Այդ խոսքերովդ սիրտս կը հոշես, հայր իմ, կաղաչեմ, որ հանդարտիք, հարկավ պիտի գտնվի մեկը, որ այս փորձանքեն զքեզ ազատե։