ԿԻՊԱՐ. ցած առ Պաղտասար
Ո՞վ պիտի երթա գա դատարաններ, ասոնց հետ դատվելու համար, ձեր պատվույն չիյնար ասոնց հետ ելնել իյնար (Առ Թագուհի և Մարթա) Գնացե՛ր, գնացե՛ր, ես կարգադրեցի ձեր գործը։
ՄԱՐԹԱ
Վստահ ըլլա՞մ թե պիտի կարգվի հետս։
ԹԱԳՈՒՀԻ
Պատվույն վրա խոսք տվա՞վ աղջիկս առնելու։
ԿԻՊԱՐ
Պիտի ջանամ՝ որ երկուքդ ալ գոհ ըլլաք։ (Թագուհի և Մարթա կը մեկնին):
ՍՈԻՐ
Շնորհակալ եմ, պարոն Կիպար, որ կարգադրեցիր այս խնդիրը։ (Կը մեկնի):
ԿԻՊԱՐ
Ուրիշ վճարումներ ալ կան ընելու, զանոնք ալ կը կարգադրեմ ես, Պաղտասար աղբար, դուք հոգ մի ընեք։
ՊԱՂՏԱՍԱՐ
Շնորհակալ եմ, շնորհակալ եմ ձեր անձնվիրութենե (Կը մեկնի):
ՏԵՍԻԼ ԺԶ.
ԿԻՊԱՐ հետո ԱՆՈԻՅՇ
ԿԻՊԱՐ
Վերջապես հաղթանակը տարինք... տիկին Անույշի պատիվն պաշտպանվեցավ և կյանքը փրկվեցավ։ Ալ սիրտս հանդարտ է և կրնամ գիշերները հանգիստ քուն քնանալ։ Խղճիս վրա ահագին բեռ մը պիտի ծանրանար, եթե խեղճ կինն դատապարտվեր իմ պատճառով...