իրենց որովայնն պարարելու համար, սիրամարգի պես զարդարվելու համար, կառքերով պտըտելու, թատրոններ, պարահանդեսներ երթալու համար։ Հայր մը սիրվելու է հայր ըլլալուն համար, խնայվելու է հոր քսակին, խնայվելու է հոր մը արտին... անպիտաններ... (Կը մեկնի):
ՏԵՍԻԼ Թ.
ՄԱՐԳՐԻՏ հետո ՄԱՐԳԱՐ
ՄԱՐԳՐԻՏ
Խոսք չհասկնար, որ զգացունես իրեն, թե պայման ունի չորս տարի զիրենք տանը մեջ պահելու։ Պայման մը, ինչ որ ալ ըլլա, հարգվելու է երկու կողմեն։ Եվ անոնք միթե հանցավոր են հարգելով իրենց պայմանները։ Երկու երեք ամսվան մեջ քաշածներս Աստված միայն գիտե. և ասոնք հերիք չէին, Վարդիկն ալ խնդիր մը հարույց...
ՄԱՐԳԱՐ
Հո՞ս եք, տիկին:
ՄԱՐԳՐԻՏ
Ժամանակին հասար։ Մեր հոգեկան ցավոց բժիշկն ես դուն, երբ անկեղծ խորհուրդներու պետք ունենանք՝ զքեզ կը կանչենք:
ՄԱՐԳԱՐ
Շատ կը բարձրացնեք զիս, տիկի՛ն։
ՄԱՐԳՐԻՏ
Ձեր ազնվությունն է այդ։ Չգիտեմ ինչպես մտեր է Վարդիկին մտքին մեջ կարգվելու գաղափարը:
ՄԱՐԳԱՐ
Վարդի՞կը... բայց ինձի հասակակից է նա...