Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/438

Այս էջը սրբագրված է

ՀՈՎՍԵՓ

Այո՛, ինքն է, պարոնը, որ այս տանը փեսա պիտի ընենք։


ՄԱՐԳԱՐ

Շատ ուրախ եղա... շատ ուրախ...


ԹՈՐՈՍ

Մեր այս ավուր այցելությունը կես պաշտոնական է. կըմբռնե՞ք, աղջիկը տեսնել, պայմաններու վրա խորհրդակցիլ, և գործը կարգադրել, որովհետև տղան սպասելու շատ ժամանակ չունի, առևտրական գործերով Անգլիա պիտի մեկնի և նորեն պիտի դառնա, սանկ աղջիկտեսի պես բան մը, որպես թե...


ՄԱՐԳԱՐ

Աղջիկտես կիմանամ, բայց աղջիկտեսի մեջ աղջիկն անպատճառ տեսնել պետք է։


ԹՈՐՈՍ

Անշուշտ։


ՀՈՎՍԵՓ

Թեև քիչ մը տեսանք, բայց կուզենք, որ անգամ մալ...


ՄԱՐԳԱՐ

Շատ լավ... (Քիչ մը խորհելեն հետո) այո՛, այո՛, ինչո՞ւ չէ... իրավունք ունիք տեսնելու... մեր ալ պարտքն է... վայրկյան մը, կաղաչեմ (Մեկուսի), ես քաջություն չունիմ ներկայացնելու իբրև հարսնցու, ղրկեմ թող նստի, տեսնեն: (Կը մեկնի):


ԹՈՐՈՍ

Հարուսներն քիչ մը հպարտ կըլլան, երբ աղջիկտեսի հանեն իրենց աղջիկները: