Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/111

Այս էջը հաստատված է

— Վնաս չունի, կը պատասխանե Հասունյան, թող կարդացվի։

— Բան մ’ալ չենք հասկնար։

— Ավելի աղեկ… արդեն մարդս ամեն կարդացածը կամ լսածը հասկնալու պարտավոր չէ։

Կոնդակին լատիներեն ընթերցումը կը վերջանա և տաճկերենը կ’սկսի, վասն զի այն թվականին հայերեն լեզու չկար։ Կոնդակին իմաստն Էր հետևյալը.

«Հասունյա՛ն, երբ որ Կ. Պոլսո նախագահը վախճանի՝ այն ատեն դուն Անարզաբա թեմը թողլով Կ․ Պոլսո նախագահությունը ձեռք առ… եթե այդ իշխանությանդ դեմ դնելու ըլլան՝ զորությունդ ցցուր անոնց․ եթե չկարենաս զսպել՝ մեզի իմաց տուր, որ պետք եղածը տնօրինենք և անոնց գլուխը ջախջախենք…»։

Տխրությունը և լռությունը կը թագավորեն ժողովո մեջ. բայց ի՛նչ օգուտ, արտաքին գործերու պաշտոնյան միշտ Հասունյան է։ Հասունյան, ինչպես հայտնի է, գովելի համբերությամբ վարված է այս պարագային մեջ․ վասն զի կարող էր դանակով զարնել սպաննել Մարուշը, քանի որ կոնդակին մեջ գրված էր, թե անոր մեռնելեն վերջը ինք նախագահ պիտի ըլլար։ Ժողովականները տեսնելով, որ իրենց ազգային իրավունքներն բռնաբարված են այս կոնդակով՝ զոր Հասունյան ձեռք անցուցած Էր Հռովմեն օգնիչ-եպիսկոպոս ձեռնադրված ժամանակ և զոր գաղտնի պահած էր՝ կը զայրանան։ Հակոբ չելեպին կը հարցունե գեր․ Հասունյանին.

— Տեր, ազգին իրավունքներն բռնաբարված են այս կոնդակով։

— Ինձի ալ այնպես կը թվի, կը պատասխանե Հասունյան ցավակցություն հայտնելով։

— Կ’ընդունի՞ք, որ Հռովմ մեր ազգային իրավունքները հափշտակե։

— Քավ լիցի… կը պատասխանե, համրիչը հանելով ծոցեն։

111