Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/117

Այս էջը սրբագրված է

ՍՏԵՓԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ Ստեփան Պերճ Պողոս Փափազյան , դասատու, ազգային երեսփոխան, այցելություն տվավ աշխարհին այն ձևով, որով դարուս մեծ մարդերն իրարու կայցելեն. այսինքն կանխավ հարցուց աշխարհին, թե ժամանակ ունի՞ յուր այցելությունն ընդունելու։ Գինեմոլի մը քթեն ավելի կարմիր սահմանադրական, և ժողովրդյան իրավունքներուն տենդն մը ավելի ջերմ պաշտպան ըլլալեվ՝ նախապես հասկնալ ուզեց, թե մի գուցե իր աշխարհ գալն վնաս Է ազգային շահերուն․ուստի մորն արգանդեն հարցում մը ներկայացուց հետևյալ իմաստով․

«Իմ աշխարհ գալս ժողովրդյան իրավունքներուն հակառա՞կ Է, թե ոչ»։

Այս հարցումն կարծիքներու տարաձայնություն մը գոյացուց ազգին մեջ։ Մեկ մասն որ ամիրայական Էր, Փափազյանի ծնունդն հակառակ դատելով ազգային շահերուն, անոր հարցման հետևյալ կերպով կը պատասխաներ․

«Եթե ձեր աշխարհ գալը քիչ մը երկարաձգեք՝ ազգին մեծ ծառայություն մը ըրած կ'ըլլաք»։

Մյուս մասն, որ ժողովրդական էր և որուն մեջ սխալմամբ սպրդած էին քանի մը ամբաստանված կրոնավորներ, որոնք արդարանալու համար անհամբեր Փափազյանի գալըստյան կ'սպասեին, անոր ծնունդը համաձայն կը կարծեին ազգային շահերուն և յուր հարցման այս պատասխանը կուտային.

«Կարելի եղածին չափ շուտ գալու աշխատեցեք»։

Այս վերջին մասը մեծամասնություն կը կազմե և կորոշե, որ Փափազյան ազատ է աշխարհ գալու։

117