Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/120

Այս էջը սրբագրված է

բան, սեռական բանի ըսած ժամանակը մյուս կողմեն բաժանորդներուն ոտները համբուրելով կ’աղաչե, որ հաճին իրենց բաժանորդագիրը վճարել: Իսկ գալով այն հարցման, թե Ժողովրդականությունը ինչու ՛անոր լեզվեն ծնավ և ոչ սրտեն, կը պատասխանենք, որ մարմնակազմության տեղեկություն ունեցողներուն հայտնի է արդեն, որ լեզուն ասանկ բաներու ծնունդ տալու համար սրտեն շատ ավելի դյուրություններ ունենալով, Ժողովրդականությունը չէր ուզած անոր սրտին նեղություն պատճառել։ Փափազյան թեպետև գիտեր, թե ոչ ոք իրավունք պիտի ունենա զինքը քարկոծելու, բայց գիտնալով նաև թե մեկը քարկոծելու համար անպատճառ իրավունք ունենալու չէ, հրահանգ ղրկեց կնքահորն, որ անունը Ստեփաննոս դնե։

Փափազյանին հանճարը լեզվին վրա ամփոփված ըլլալով, չորս ամիսեն խոսիլ սկսած էր և լրագրի խմբագիրեն շատ աղեկ կը հասկցուներ յուր միտքը։

Մանկության օրերը խոսելով անցունելեն ետքը, 1849-ին Խասգյուղի թաղային վարժարանը մտավ, նայելու համար թե․․․ ո՛վ կա ներսը։ Տարիի մը չափ հոն մնաց և սորվելեն ետքը, թե բան մը սորված չէր՝ իրեն հարմար վարժարան մը փնտռելու համար դուրս ելավ։ 1850-ին Ազգային հիվանդանոցը գնաց։ — Եթե Փանոսյանի տնօրենության ժամանակ գացած ըլլար՝ անպատճառ խենդերու քովը պիտի դրվեր․վասն զի այս երկուքին կարծիքներն շատ հակառակ են իրարու։ — Քիչ ժամանակի մեջ շատ առաջ գնաց մայրենի լեզվին մեջ: Այնչափ լավ սերտեց քերականությունն, որ շիտակ խոսիլ ու գրել սորվելեն ետքը, շիտակ չխոսիլ ալ սորվեցավ բավական: Այն ատենվան բոլոր քերականություններն աչքե անցունելեն ետքը՝ ինքը գրեց հատ մը և անկից դաս տալ սկսավ․․․ իրեն: 1854-ին հողագործության դասախոսություն բացված ըլլալով հիշյալ վարժարանին մեջ` սկսավ մշակել նաև այս ճյուղը, զոր բավական ընդարձակեց։ Հող ճանաչելու մասին իրեն հավասարող չկար․չէր քաղեր ինչ որ կը ցաներ, շատ անգամ ելակ կը տնկեր և կաղամբ կը քաղեր։ Ենթադրելով, թե հողն ապերախտ

120