Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/13

Այս էջը սրբագրված է

զայն իր սկզբունքին մեջ։ Սկզբունքը, կ'ըսե Աղեքսանդր Տյումայի որդին, բևեռներու կր նմանին, որչափ զարնես անոնց գլխուն՝ նույնչափ սվելի կը հաստատվին։

1864-ին դարձյալ ստիպվեցավ Պոլիս դառնալ, ուր քանի մը ամիսե ետքը Բերայի քարոզչության պաշտոնը ձեռք անցուց։ իրեն համար կրնանք ըսել ինչ որ կ'ըսեն Պղատոնի համար, թե մեղուները մեղր քսած Էին անոր շուրթերուն — թեպետև ուրիշներն ալ քիչ մը կարմիր քսած Էին — այնչափ պերճախոս Էր։ ժողովուրդը մինչև այսօր սիրով մտիկ կ' ընե անոր քարոզները մինչև վերջը, և առանց քրտինք թափելու։ Յուր քարոզներն ավելի կը փայլին քան յուր մազերը։ Ի՛նչ հարկ կա երկարելու. կետեր կան, որոնց մեջ Խորեն տեսականե մարդ Է և գործնականի չգար, կետեր ալ կան, որոնց մեջ միայն գործնական Է։ Դժբախտությունն հոն ալ վազեց քանի մը տարիեն, հոն ալ հալածեց զինքը. և Խորեն հոժար կամքով հրաժեշտ տվավ յուր պաշտոնին... երբ թաղեցիները վար առին զինքը։

1867-ին եկեղեցական պատգամավոր ընտրվելուվ՝ Վեհափառ Գևորգ կաթողիկոսին հուղարկավորությանը գնաց մինչև Էջմիածին, ուր եպիսկոպոսության աստիճան բարձրանալեն ետքը Պոչիս վերադարձավ և Պեշիկթաշի քարոզիչ անվանվեցավ։ Հիշյալ թաղին վարժարաններու վերատեսչությունն ստանձնելով բարեկարգության ձեռք զարկավ։ Աշակերտներուն սիրտն ու միտքն մշակելու համար անոնց հագուստները հանել տվավ և համաձև զգեստ շինել տալով հագցուց անոնց։ Ահավասիկ ըրած միակ բարենորոգումն, որ կրնա ըսվիլ թե ավելի դերձակներու համար եղավ քան աշակերտներու համար։

Քանի մը ամիս այս պաշտոնը վարելեն ետքը հրավիրվեցավ հրաժարիլ անկե. բնավ դեմ չկեցավ. հրաժարեցավ և Մասիսի խմբագրապետին տանն ապակիները խորտակել տվավ։ Քանի մը քաղաքներե առաջնորդ ընտրվեցավ, բայց ինքն իբրև նախանձ նկատելով այն ամեն առաջարկություն, որ կ՛ստիպեր զինք հեռանալ Պոլիսեն՝ մերժեց գավառներու 13