Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/141

Այս էջը սրբագրված է

չորս վարդապետ ձեռնադրել։ Բանիբուն և ուսումնական երիտասարդները վարդապետ ձեռնադրած ժամանակը՝ չէր մոռնար նաև վեղար դնել այնպիսի գլուխներու, որոնց վրա նարոտն ավելի աղեկ կը վայլեր։ Եթե երիտասարդին մեկն բավական ուսում և տարիքն առնելեն ետքը հրաժարիլ ուզեր կուսակրոնության մեջ մտնելե՝ աբբահայրն կը համոզեր զինքն և խալբախ մը կ'անցուներ գլուխը։ Վարդապետ ձեռնադրելու մեջ հաճույք կզգար և եթե օր մը վարդապետ չձեռնադրեր՝ նույն օրը տխուր կ'անցուներ և երեկոյան դեմ չորս կողմ մարդ կը ղրկեր, որ վարդապետցու մը գտնեն բերեն իրեն։

1865- ին Կ. Պոլիս վերադարձավ քոլերայի ատենները։ Թեպետև Հասունյանի հետ բանակցելու կուգար Կ. Պոլսո և Լիբանանու աթոռներուն միավորությանը համար, բայց Հասունյան երբ տեսավ զինքն՝ մտքեն ըսավ քոլերան հերիք չէր, հայր Սուքիասն ալ եկավ:

1866- ին Գրիգոր Պետրոս յոթներորդի մահն դադրեցուց այդ բանակցություններն. վասն զի Հասունյան կաթողիկոսությունը ձեռք ձգելու զբաղած ըլլալով՝ ժամանակ չուներ մտիկ ընել Քազանճյանը՝ որ այն ատենները չգիտենք ի՛նչ պատճառավ, մտերմություն հաստատած էր Հասունյանի հետ։ Քազանճյան բնավ չընդդիմացավ Հասունյանի կաթողիկոսության, և սեպտեմբերի մեջ Լիբանան կատարված ընտրության ժողովույն ներկա չգտնվեցավ, քուն քաշեց այնպիսի ժամուն, ուր տքնություն պետք էր, եթե կը փափաքեր, որ ժողովուրդն յուր բերնեն ելած իւոսքերուն հավատք ընծայեր։

1867-ին Հասուն Հռովմ գնաց, ուր գաղտնի իւմբագրվեցավ Ռեվերսուրուսը։ Երբ հուլիսին Պոլիս վերադարձավ Հասուն՝ Քազանճյանն ալ յուր եկեղեցական զգեստներն եկեղեցին ղրկեց, որ հետևյալ օրը ներկա գտնվի օրհնության։ Հասունյան ետ դարձուց Քազանճյանի պոխճան: Ժողովուրդն սկսավ իրարու ըսել․

141