Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/17

Այս էջը սրբագրված է

մոխիր դառնալու։ Խորեն եպիսկոպոս ունի այսօր տասներկու գործեր։ Ասոնց մեջն է Սլաֆրանկա կատակերդությունն, որ կապիկի պես ամեն բանի մեջ ուրիշի նմանելէ հառաջ եկած վնասները կը հարվածե։ Վարդենիք անմեղ սերե ներշնչված գողտրիկ ոտանավորներ։ Դաշնակք Լամարթինի անմահ բանաստեղծին ոտանավորներուն գրաբար թարգմանությունը՝ զոր հասկնալու համար այն ատենները չորս հոգիե բաղկացյալ մասնաժողով մը կազմվեցավ, որն որ անկարող ըլլալով զայն լուծել, թարգմանիչին դիմեց, որ ներումն խնդրելով պատասխանեց թե՝ վրայեն բավական ժամանակ անցած ըլլալուս պատճառավ ինք ալ չէր կարող հասկընալ։ Քրիստոնեական, որ կը պատվիրե էրիկներուն ներել իրենց կիներուն, որքան ալ անպարկեշտ ըլլան, որքան ալ մեծ ըլլա անոնց սիրականներուն թիվը։ Նախակրթարան ֆրանսերեն լեզվի, ի պետս անոնց, որք փափաք չունին ֆրանսերեն սորվելու։ Ստվերք հայկականք, որոնց մեջ առաջին տեղը կը գրավե Զհայրենյաց ասա մեզ բան: Օտար լրագիրներու մեջ անդրալեռնականներու դեմ պաշտպանած է Հայաստանյայց եկեղեցին և ժողովրդյան համակրությունը գրաված է:

Խորեն եպիսկոպոս անուշ բնավորություն մ'ունի. ամենուն հետ այնպես կը վարվի, ինչպես որ խմբագիր մը կը վարվի այն մարդուն հետ, որ տարվան մը բաժանորդ կը գրվի և բաժանորդագինն ալ կանխիկ կը վճարե։ Վարքեն կրնանք գուշակել թե յուր հարգած սկզբունքներն հետևյալներն ըլլալու են.

«Սիրե հայրդ ու մայրդ... եթե հարուստ են. «Սիրե թշնամիներդ...երեսանց. «Սուտ մի՛ խոսիր... եթե շահ չունիս. «Թող մի՛ տար որ կիրքերդ գերի ըլլան անձիդ. «Դրացիներդ անձիդ պես սիրե»։

Մեռյալներուն գալով՝ անոնց հետ ա՛լ ավելի քաղցրությամբ կր վարվի։ Այնպիսի սրտառուչ դամբանականներ կ' արձակեր, այնպիսի պերճախոսությամբ կը գովեր արքայությունն, որ ներկա գտնվողները մեռնելու փափաք կ'զգային։ Չմոռնանք սակայն ըսել թե՝ երբեմն ալ մեռյալն

Z. Պարոնյան—2 17