Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/41

Այս էջը սրբագրված է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐՈՅԵՆՑ

Հովհաննես Տերոյենց կսւմ Հովհաննես պատվելի կամ Պրուսացի Հովհաննես կամ Հովհաննես Տեր Կարապետյան կամ Չամուրճյան Հովհաննես , օգնական Պետրոս Առաքյալին, աստվածաբան, մատենագիր, փաստաբան դևերու, լեզվագետ, մաթեմատիկոս, խմբագիր, դասատու, կրիտիկոս, ծնած Է անցյալ դարուն վերջերը, Պրուսայի գյուղերեն մեկուն մեջ։ Յուր ծննդյան հետնյալ գիշերը ծնան դևերն, որոնց գոյությունն այն թվականեն ի վեր հաստատված ճշմարտություն մ'Է։

Թվաբանական հաշվով պարտ Էր իրեն կիրակի օր մր գալ աշխարհ, բայց ջերմեռանդ և բարեպաշտ ըլլալով ուզեց սուրբ պահել հանգստյան օրն և, այս պատճառավ, քսանը չորս ժամ երկարաձգելով յուր ծնունդն, հետևյալ օրը բարեհաճեցավ ի լույս գալ: Ականատես և հավատարիմ պատմագիրներ կ'ավանդեն, թե երբ մայրն եկեղեցի կ'երթար յուր սովորական աղոթքն ընելու՝ ինքն ալ մորն արգանդին մեջ երկըրպագու կ՚ըլլար Պետրոս առաքյալին պատկերին։ Ոմանք այս ավանդությունը կը հաստատեն պատմելով, թե՝ ամեն անգամ, որ դիպվածով այս առաքյալին խոսքը կը բացվեր, մորը ցավը կր բռներ և որ չէր անցներ մինչև որ եկեղեցին չերթար և այն պատկերեն կտոր մը... չուտեր։ Դրացի կիներու այն գուշակություններն, որովք կը մարգարենային հայտնելով յուր մորը, թե տղադ կամ ձկնորս պիտի ըլլա կամ ուրացող, լիովին կր վավերացունեն պատմագիրներուն խոսքերուն ստուգությունը ։ Տերոյենցին բարեպաշտությունը այսօր առած դարձած է, վկայություններու կարոտություն

41