Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/45

Այս էջը սրբագրված է

բուրկատիվն ալ մոռանալու չէ—թե հայերը քրիստոսի վրա երկու նատուրա չեն ճանչնար, թե՝ հոգվույն սրբո համար միայն ի հորե բրոչետիդ կ'ըսեն, թե ի յորդվո բրոչետիդ ըսելը չեն ընդուներ հայերը, թե՝ Հայաստանյայց եկեղեցվո դավասանքը Հռովմայեցվոց պես է, և թե՝ հայերը Հռովմա նախագահությունը կ'ընդունին և կը փափաքին, որ սեր և միություն հաստատեն Հռովմա աթոռին հետ։ Չամուրճյան՝ Հասունի պես ափ մը հայ չէր ուզեր արքայություն տանիլ, այլ կը փափաքեր, որ բոլոր հայերն մեկեն տանի արքայություն Հռովմի ճամբով։ Սակայն չհաջողեցավ, և եթե այսօր հայերը դժոխք երթան՝ Պատվելին հանդիմանելու իրավունք չունին։

1857-ին սկսավ Երևակ անունով տխուր հանդես մը հրատարակել։ Օր չէր անցներ, որ հավն երեք անգամ չխոսեր հոն։ Դևերու գոյությունը ուրացողները հերետիկոս կը հռչակվեին և ինք ամեն ճիգ կր թափեր դևերու գոյությունն հաստատել յուր գոյությամբը, և, որ զարմանալին է, դատը միշտ կը վաստկեր։ Հռովմա եկեղեցվույն դեմ խոսողները ազգին մեջ բողոքականություն տարածելու զրպարտության կը մատնվեին։ Այն ատենները Մասիս, Մանցումե և Մեղու, որք բաժանորդ չէին Երևակին... կարծիքներուն, անդադար անոր դեմ կը խոսեին։

1864 մարտ 16-ին Ձամուրճյան ելավ Մասիսի խմբագրապետին դեմ դատ բացավ։ Այս դատին համառոտ արձանագրությունը հոս կը հրատարակենք ի զվարճություն մեր ընթերցողներուն։

Սրբազանպատրիարք. — Դուք երկուքդ ալ Հայաստանյայց եկեղեցվո զավակ ըլլալով ի՞նչ է պատճառն, որ քանի մը ատենե ի վեր ձեր մեջը անհամաձայնություն մը կը տիրե։

Տերոյենց.— Ես անոր անձին հետ գործ չունիմ, սրբազա՛ն։

Ութուճյան. — Ես ալ չունիմ։

Տերոյենց, — Ամեն թերթի մեջ ինձի կ'անպատվե:

45