Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/157

Այս էջը սրբագրված է

գիշեր մեկ աղվոր պատվական և ընտիր հանցանք մը գտնել և անով տապալել թաղականն, բայց պայմանավ մը...


— Այսինքն մեկու մը բան չըսենք։


— Ո՛չ... սա պայմանավ, որ եթե ասկից վերջը հիվանդանալով դեղ դնելու ստիպվիք՝ իմ դեղարանս հրամմե՛ք։


— Պարտքերնիս է, եղբայր, այս գիշերվընե բոլոր բարեկամներուս կըսեմ, վաղվընե անգին հիվընդնան և հոս գան դեղ առնեն, հիվանդ չեղած ատեննին ալ թող գան առնեն. Էֆենտիմ, ի՞նչ կըլլա եղեր... պարապ տեղը հազարումեկ բանի ստակ կը տրվի կոր...


— Շնորհակալ եմ։


— Մնաք բարով։


— Երթաք բարով:


Հետևյալ օրը կռիվը կը ծագի թաղին մեջ, թաղեցիներեն խումբ մը պատվավոր ազգայիններ փայտերով զինված՝ թաղային խորհրդարանի վրա կը հարձակին և թաղականներուն մեկուն ոտներեն, մյուսին մորուքեն, մեկալին ականջեն քաշելով խորհրդարանեն դուրս կը հանեն: Պատրիարքարանը եղելությունը կիմանա և հրահանգ մը կը ղրկե, որ նկատելով, որ ով կ՝սկսի և խորհուրդ լուծյալ է ով կը վերջանա։


Ինչ որ կը պատմենք հոս՝ տարին հինգ վեց անգամ կը պատահի այս թաղին մեջ։ Սահմանադրության հաստատութենեն ի վեր չէ եղած թաղական մը, որ իր պաշտոնավարության ամբողջ շրջանն լրացուցած ըլլա։ Առժամանակյա Թաղական Խորհուրդ մը մեկ քանի տարի պաշտոն կը վարե երբեմն։ Եվ ոչ մի Թաղական Խորհուրդ կանոնավոր հաշիվ կրցած է տալ այս թաղին մեջ. թաղեցին ալ Թաղական Խորհուրդ ընտրելեն գլուխը բերելու ժամանակ չունի, որ հաշիվ պահանջե և առնե։ Հինգ հարյուր քսան և հինգ տուն հայ կա հոս, վեց հարյուր երեսուն քվեարկու և երկու հազարի մոտ բնակիչ... բայց երբ թաղականի համար քվե տալ հարկ ըլլա՝ քվեարկուներու թիվը վեց հազար կ՝անցնի. ալ հասկցիր, թե մեկ հոգի քա՜նի քվե կուտա հոս. սելամսըզցին շա՝տ շռայլ է... քվեի մասին։