Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/177

Այս էջը սրբագրված է

իրենց ձայնավորին ձայնը Գատը դեղեն ալ լսվի, որ այդ գեղեն ալ ժողովուրդ գա իրենց եկեղեցվույն։


Ենի Մահալեն երկուքի բաժնված է, վերին Ենի Մահալե և ստորին Ենի Մահալե, և Ենի Մահալե՝ նոր թաղ կոչվելուն բուն պատճառն ալ թաղին հին ըլլալն է:


Վերին Ենի Մահալեն բոլորովին ազնվապետական է. ամե՛ն մարդու հետ տեսնվելու չզիջանիր. Ողիմպոսի աստվածներուն հետ միայն տեսնվելու արժանի կը համարին զիրենք: Այս մասն, ինչպես ըսինք՝ յուր կարծիքը թաղական աղաներուն տված է և բնավ բանի մը չխառնվիր. միայն կը խառնվի այն խնդիրներուն, որոնք աղեկ միսի, կարագի, բանջարեղենի, գինիի, օղիի և վերջապես մարմինը ուռեցնելու արհեստին հետ կապակցություն ունին։


Ահավասիկ վերի թաղին բնակիչներեն մեկուն խոսակցությունն սելամսըզցիի մը հետ.


— էֆենտի, այսօր ազգային ժողով գացի՞ր։


— Երթալու միտք չունեի, բայց այդ կողմեն միս առնելու ստիպված ըլլալով քիչ մը ներս նայեցա։


— Ի՞նչ կար։


— Շունշանորդիները պատվական միս կը կտրեն կոր...


— Ազգային ժողովին համար ըսի...


— Հեց ու կես օխա առի, բայց ասանկ ընտիր միս...


— Երեսփոխանները ամբողջ եկա՞ծ էին։


— Փաշա Լիմանի գինիով ի՞նչ աղվոր կերթա, գիտե՞ս:


— Եղբայր, Ազգային ժողովո մեջ ի՞նչ խոսեցան այսօր։


— Ւ՞նչ գիտնամ, եղբայր... փորձած եք, ոչխարի միսեն պիֆտեք կը շինվի՞ մի։


— Իմ խոսքի՛ս պատասխանե։


— Ի՞նչ պատասխանեմ, ես գիտե՞մ ինչ խոսեցան։ Երեսփոխանին մեկը դուրս ելած մեկուն կը պոռար ըսելով, թե ես քեզի պես ազգին ստակները կերած չեմ և քեզմե աղեկ օրենք գիտեմ... աղեկ օրենք գիտնալն ստակ չըներ, միտիան անանկ մեջ կը լեցունեն որ... այսօր ինչո՞ւ համար քեֆալ չկար։


— Մնաք բարով։