Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/178

Այս էջը սրբագրված է

— Երթաք բարով, գիշերը եկուր նարտ խաղանք։


— Տեղս հեռու է, մնաք բարով։


Վերի թաղին իգական սեռը գեղեցիկ է, բայց արական սեռն այդ գեղեցկութենե զրկված է։ Իգական սեռին մեջ բամբասանքն այն աստիճան հառաջ գնացած է, որ եթե ուրիշ մը բամբասելու համար նստին՝ շաբաթե մը հազիվ կրնան լմնցունել։ Հոս կիներն պատուհաններու առջև կը նստին և փողոցեն անցնողին հասակին, քթին, մորուքին, հագուստին վրա գիտողություններ կընեն։ Կիները հոս երկու գլխարկով եկեղեցի կերթան, թեպետև մեկ գլուխ ունին։ Գլխարկին մեկն իրենց գլուխը կը դնեն և մյուսն սպասավորն կը տանի իրենց ետևեն։ Եկեղեցվո մեջ գլխարկը կը փոխվի։ Կիներուն գլուխներն այնքան փոքր են, որ հիմակվան գլխարկներեն հատ մը բավական էր չորս կնկան գլուխ գոցել եթե սովորություն ըլլար չորս-հինգ հոգիի մեկ գլխարկ դնելը։ Նորաձևությունը հոս կը պաշտվի։ Ենի մահալեցուհին Սելամսըգ կերթա և անկե հագուստի նոր ձևեր կը գողնա։


Վարի թաղն հասարակապետական է։ Երիտասարդության մեջ երբեմն շարժում կը տեսնվի, բայց այդ շարժումն միշտ ապարդյուն կր մնա. վասնզի միապետությունն թող չտար, որ երիտասարդությունը գործե։


Այս թաղին մեջ ալ ընկերություններ հաստատված և կործանված են. թեպետև այժմ չգիտենք, թե ընկերության մասին ի՞նչ վիճակի մեջ է, սակայն դյուրին է գուշակել, որ կա՛մ ընկերություն մը կազմվելու վրա է կամ ընկերություն մը կործանվելու վրա։


Երիտասարդության մեջ մաս մալ կա, որ ինքզինք ձայնավորության տված է և աղվոր խաղեր երգելով պոռալ կը փափագի, այս մասին կարծիքն այն է, թե գեղեցիկ ձայնով խաղ կանչելն մեծապես կը նպաստն ազգային հառաջադիմության և թե՛ եթե քիչ մալ օղի կամ գինի խմելով խաղեր կանչվին՝ ազգին վերականգնման գործը դյուրացած կը համարվի։