Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/205

Այս էջը սրբագրված է

Ինչպես վերը հիշեցինք քծնիլ չսիրեր, շողոքորթութենե կը փախչի, բայց երբ ազգային կռիվ մը ելնե՝ հոգվով մարմնով կը նետվի. իսկ եթե ազգային վեճ մը չըլլա՝ կաշխատի վեճ մը հանելու։ Առանց վեճի կարելի չէ իրեն ապրիլ։


Սամաթիացիներուն մեկ մասն ոսկերիչ է, և այս հերիք է հասկցնելու համար, թե կերակուրի մասին ո՛րքան բծախնդիր է: Ամենեն լավ միսն, ձուկն, կարագն, պանիրն, ապուխտն և պտուղն սամաթիացիին կերթան։ Մեծ կարևորություն կը տրվի հոս փորին, զոր գոհացնելու համար բան մը չխնայվիր։ Հոս փորը պճնասեր է։


Սամաթիացին թաղին մեջ հայերեն, իսկ շուկան տաճկերեն կը խոսի։


Դառնանք գեղեցիկ սեռին, որ իրոք գեղեցիկ է, պարզասեր և աշխատասեր։ Սամաթիո տիկինները դաստիարակության պետքը զգացած են և կաշխատին, որ իրենց աղջիկներն ալ ուսում և կրթություն առնեն, մինչդեռ ուրիշ թաղի մը տիկիններն կը փափագին, որ իրենց աղջիկներն բրնձի փոշի և կարմիր ներկ առնեն։ Թաղիս տիկիններն շատ մը թաղերու այրերեն ավելի ազգասեր են։ Առաջին անգամ Սահմանադրութեան տարեդարձը պատվող կինը սամաթիացի էր:


Եթե Պոլսո մյուս թաղերն Սամաթիո հետևող ըլլան՝ Պոլսո ժողովուրդն քիչ ատենի մեջ զգալի փոփոխություն կը կրե, բայց օղիին գինն ալ շատ կը բարձրանա։


Թաղիս օդը շատ աղեկ չէ. ուստի զայն բարեխառնելու համար է, որ թաղեցին օղին շատ կը խմե։