Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/223

Այս էջը սրբագրված է

Թաղիս ամենեն մեծ ճանբան այն է, որ ուղղակի մինչև Միջագյուղ կը տանի, եթե թրանվեյի կառքերուն մեկուն տակը չմնա մարդ։


Կրոնքը շատ է. գործածականը հայտնի չէ։


Բնակիչն է խաղամոլություն. թիվն որոշ չգիտցվիր։


Թաղիս օդը բնավ կարևորություն չունի. ամենքը կը հարգեն Քոմիսիոն խանին օդը, որ շատերուն կը վնասե և սակայն ամենուն ալ սիրելի է։


Թաղիս մեջ բնիկ հազիվ քսանը հինգ կամ երեսուն տուն կա հայու։ Պանդուխտ եղբայրներն, որք ստորերկրյա տեղեր կը բնակին հոս՝ ամեն կիրակի օրերը թաղին եկեղեցին կերթան և գանձանակներուն ստակ կը ձգեն։ Եթե թաղեցիներուն մնար՝ շատուց ծախված էր եկեղեցին, որ այսօր շատ եկամուտներ ունի։


Այս եկեղեցվույն Թաղական խորհրդարանին մեջն էր ժամանակավ Վալաթիո օճախը: Այս եկեղեցվույն մեջ կըլլան ազգային Երեսփոխանական ժողովո նիստերն, որք ամեն արժանիք ունին Ղալաթիո աշտարակին մեջ տեղի ունենալու։


Հոս բարձրացած է Կեդրոնական վարժարանն, որ դեռ բացված չէ։


Ղալաթիացին տասներկու տարիներն ի վեր կը փափագեր վար առնելու յուր թաղականն, որ ազգային շահերուն ջերմ պաշտպան ըլլալով՝ չէր թողուր, որ քիչ մատեն ալ ուրիշները թաղականություն ընեն և խնդան, իսկ այս տարին թաղեցին հաջողեցավ հրաժարեցնել յուր թաղականն, որ լալով հեռացավ խորհրդարանեն։ Ընտրվեցավ ուրիշ Թաղական Խորհուրդ մը, որուն անդամներուն մեջ անշահասեր մարդեր կը գտնվին, սակայն ասոնք ալ դասատուներու փոփոխությունը շատ կը սիրեն և գրեթե շաբաթ չանցնիք, որ առանց պատճառի դասատու չփոխեն։


Հոս է կեդրոնական թանգարանն, որ ըստ ծանուցման՝ շա-